16:35 Ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Մարգար Օհանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դատավորը նրա խափանման միջոցն անփոփոխ է թողել` կալանք:
Հիշեցնենք, որ Օհանյանը մեղադրվում էր բենզինի յուրացման, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջին հոդվածով նա անմեղ ճանաչվեց` 6 տարի ստանալով յուրացման համար:
Օհանյանի գործով անցնող և յուրացման մեջ մեղադրվող ևս 3 մեղադրյալներ` Սմբատ Կարախանյանը, Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը դատապարտվել են 5,5 տարվա պայմանական ազատազրկման 4 տարի փորձաշրջանով:
Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը լրագրողներին ասել է, որ պատիժը խիստ էր: Նա չի կարողացել ասել` արդյոք վճիռը բողոքարկվելու է, քանի որ չի խորհրդակցել այդ հարցով իր պաշտպանյալի հետ:
16:00 Այսօր ավելի վաղ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվում են ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ներկայացված հայցից, քանի որ նրա հարազատները փոխհատուցել են պետությանը հասցված վնասը 19 միլիոն 721 հազար 60 դրամի չափով:
Դատական նիստի ընթացքում դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարել է` քանի որ ՃՈ-ն հայցից հրաժարվում է, գործով վարույթը պետք է կարճվի:
Մարգար Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ իր աշխատանքի ընթացքում եղել են էական ձերքբերումներ, թեև եղել են նաև սխալներ ու բացթողումներ:
«Ես չեմ վախեցել պատասխանատվությունից, հիմա էլ չեմ վախենում, որովհետև ղեկավարն է պատասխանատու բացթողումների համար», – ասել է նա` ընդգծելով, որ ընդունում է իր մեղքը պետության առջև, քանի որ ինքը պետականամետ մտածողության տեր մարդ է:
Նա, այնուամենայնիվ, ասել է, որ չի ամաչում իր գործողությունների համար, քանի որ երկար տարիներ հաջողությամբ աշխատել է համակարգում: Օհանյանի խոսքով` թող ամաչեն նրանք, ովքեր իր նկատմամբ վատ վերաբերմունք են դրսևորել:
Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը նշել է, որ պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածով մեղադրանքը անհիմն է, քանի որ դատական նիստերի ընթացքում հարցաքննված բազմաթիվ ՃՈ աշխատակիցներ նշել են, որ իրենց տեսչության աշխատանքները չեն խափանվել:
Ինչ վերաբերում է յուրացմանը, ապա, Վասակյանի խոսքով, թեև տվյալ հոդվածով մեղադրելու հիմքեր կան, սակայն Օհանյանի գործողությունները չեն առաջացրել ծանր հետևանքներ, ուստի Վասակյանը խնդրել է մեղմ վերաբերվել իր պաշտպանյալին:
Օհանյանի գործով վճիռը դատավորը կհրապարակի այսօր` ժամը 16:30-ին: