Արևմտյան առաջատար տերությունները, այդ թվում` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, երեքշաբթի սիրիացի դիվանագետներին պերսոնա նոն-գրատա են հայտարարել որպես Խուլա գյուղում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանությունների փաստի առնչությամբ կատարված պատասխան քայլ:
Guardian-ի հաղորդմամբ, ԱՄՆ Պետդեպը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ցանկանում է կյանքի կոչել Սիրիայի նկատմամբ ուժի կիրառումը:
ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով` Խուլան հրետանային ռմբակոծման է ենթարկվել, թեև Սիրիայի իշխանությունները կտրականապես հերքում են մասնակցությունը զանգվածային սպանություններին: Պաշտոնական Դամասկոսը տեղի ունեցածը «ահաբեկչական սպանդ» է անվանում:
Արևմտյան երկրները կրկին սկսել են խոսել միջազգային միջամտության մասին: Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի է շարունակվում են բախումները նախագահ Բաշար Ասադի (լուսանկարում) և նրա ռեժիմի հակառակորդների միջև: Ներխուժման հնարավորության մասին այս անգամ առաջինը խոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` միաժամանակ հայտարարելով, որ դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի թույլտվությունը:
Ավելի վաղ արևմտյան երկրները մի քանի անգամ փորձել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խստացնել Դամասկոսի հանդեպ սանկցիաների կիառումը, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը օգտվում էին վետոյի իրենց իրավունքից և արգելափակում նման որոշումները: