20:45-ի սահմաններում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ է ժամանել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, և 21:00-ի սահմաններում շենքի ներսում նրա ու ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվել է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կոալիցիոն հուշագիրը, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը:
«Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնության շրջանակներում՝ իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում և արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը», – ասված է կողմերի ստորագրված հուշագրում:
ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը նշում են, որ քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը՝ դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի և անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման գործում:
Համաձայնագիրը գործում է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: