Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:
Ինչպես նշում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:
Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում)` ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:
Առողջապահության նախարության կայքը նշում է, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Աշխատունակ տարիքի (20-65 տարեկան) տղամարդկանց 54.7% ծխող է:
Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են` այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում: Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ:
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: