Սառեցված ղարաբաղյան հակամարտությունը հալեցման ջերմաստիճանի է հասնում: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը` հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող Ուեյն Մերին:
Լեռնային Ղարաբաղ կատարած եռօրյա այցից հետո վերլուծաբանն այն կարծիքի է հանգել, որ այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերականգնման նախանշաններ կան»:
Մերին ընդգծել է, որ թեև Ղարաբաղում պատերազմի բռնկումն անխուսափելի չէ, սակայն բավական շատ բան է վկայում այն մասին, որ կոնֆլիկտը վերականգնվում է:
«Խնդիրը նրանում է, որ ռազմական հավասարակշռություն չկա, ընդհակառակը` հայերի պաշտպանողական հնարավորությունների և Ադրբեջանի կողմից կուտակված ուժի մեջ ասիմետրիա կա: Ոչ ոք չի կարող կանխագուշակել նոր պատերազմի ելքը, բացի նրանից, որ այն սկզբունքայնորեն տարբերվելու է առաջին պատերազմից և ավելի կործանարար է լինելու»,- ասել է նա:
Վերլուծաբանը կարծում է, որ այս պահին երկու կողմերն էլ ավելի շատ ռազմական ներուժ ունեն, և հակամարտության վերսկսման դեպքում պատերազմի ֆիզիկական չափերը տարածվելու են Ղարաբաղի սահմաններից դուրս:
Հարցին`ինչպիսի դիրքորոշում կունենան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր ղարաբաղյան հակամարտության դեպքում, փորձագետն ասել է.
«Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը բացահայտ կերպով չեն սատարելու այս կամ այն կողմին, թեև Ռուսաստանը, անշուշտ, պայմանագրային պարտականություններ է կրում Հայաստանի հանդեպ: Այն քաղաքական միջոցներով փորձելու է հասնել հակամարտության հանգուցալուծման, սակայն Ռուսաստանն ուղիղ պոտենցիալ ունի Երևանի և Բաքվի վրա ճնշում գործադրելու համար»,- հավելել է նա: