2011 թվականի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը՝ Կարինե Ամոյանը, այսօր նամակ-դիմումներ ու հիվանդությունը հաստատող փաստաթղթեր է հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ խնդրելով օգնել իրեն՝ 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել Քյարամ Ամոյանին, ով այս պահին առողջական ծանր վիճակում գտնվում է Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում հուսահատված մայրն ասել է, որ ինքը հայտնվել է անելանելի վիճակում ու արդեն չգիտի՝ ու՞մ դիմել:
«Գրասենյակում ինձ ասացին, որ կպատասխանեն մի քանի օրից: Ուրիշ ճար չունեմ, պիտի սպասեմ, եթե ոչինչ չստացվի, դիմելու եմ նախագահ Սերժ Սարգսյանին: Գիտեմ, որ նա տեղյակ չէ այս մասին, այլապես անպայման կօգներ» – նշել է մայրը:
Նրա հավաստմամբ` իրեն թույլ չեն տալիս տեսակցել որդուն:
«Փաստաբանը պետք է գնա տեսակցության, ինչից հետո պարզ կդառնա՝ տղաս ինչ վիճակում է: Չեմ կարող հաստատ ասել, ուղղակի տեղեկություն ունեմ, որ երեխաս անդադար ուժեղ գլխացավեր ունի ու գրեթե ոչինչ չի ուտում. դեռ Էրեբունիում պառկած օրերին իմ ձեռքով մի գդալ ճաշի ջուր չի խմել, կյանքը մազից է կախված, ոչ մի ելք չեմ գտնում: Ամեն տեղ գնացել եմ, բոլորին խնդրել եմ, բայց ապարդյուն: Կերան կյանքս, մի՞թե Աստված չի տեսնում տանջանքս, մի ելք ցույց տա», -ասել է Ամոյանը:
Ավելի վաղ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Կարինե Ամոյանն ասել էր, որ որդուն Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից մայիսի 29-ին տեղափոխել էին հիվանդասենյակ, ու տեղեկացրել, որ տղայի գլխում եղած արյան զեղումները մաքրելու համար իրենք պետք է վճարեն 145.000 և 45.000 դրամ: Մայրը հրաժարվել էր մուծումներ կատարել:
«Ես չեմ հավատում, որ այդ մոտ 200.000 դրամը մուծելուց հետո իմ երեխային իսկապես կբուժեն: Ոչ մի դեպքում չեմ մուծելու, իմ պահանջը մեկն է՝ ազատել որդուս գրավի դիմաց ու թույլ տալ երեխայիս բուժել ինձ ծանոթ բժշկի մոտ, ինչից հետո պատրաստ եմ նրան կրկին հանձնել իրենց, ու թող կանգնի արդարադատության առաջ, սակայն միայն բուժվելուց հետո», – պնդել էր մայրը, ինչից հետո տեղափոխել էին Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանի հարազատները օրեր առաջ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի, ՀՀ գլխավոր դատախազության ու Քրեակատարողական վարչության մոտ:
Մոր կարծիքով` Քյարամն անմեղ է, դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այնուամենայնիվ, ծնողը նշում է, որ բուժումից հետո Քյարամին պատրաստ կլինի կանգնել արդարադատության առջև: