Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թաթևոսովը բաց նամակ է հղել «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, ազգային փոքրամասնությունների հարցով Վրաստանի նախագահի խորհրդական, Վրաստանի հայերի միության նախագահի տեղակալ Վան Բեյբուրթին:
Նամակում Թաթևոսովը խիստ քննադատության է ենթարկում Բեյբուրթին Վրաստանի հայ համայնքի կյանքում ունեցած իր ապակառուցողական դերի համար:
«Հատկապես զարմացնում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերմունքը ձեր հանդեպ, վերջինս երկրում «կոմունիստական օկուպացիայի սարսափելի շրջանը» հիշեցնող բոլոր խորհրդանիշերի արմատական վերացման հստակ նպատակ է որդեգրել և միաժամանակ Ձեզ է ընտրել ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր խորհրդական: Ընտրությունն առավել քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք ձեր բացասական հեղինակությունը ոչ միայն հայ համայնքում, այլև Վրաստանի ողջ քաղաքացիական հասարակությունում: Բոլոր հարցերը կպարզվեն, եթե վրացական իշխանություններն իրենց ընտրությունը բացատրեն Ձեր` հանուն անձի և ընտանիքի բարօրության կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու, մատնագիր գրելու, բոլորին և ամեն մեկին դավաճանելու պրոֆեսիոնալիզմով: Եվ սա ոչ միայն Ձեր «խնամքի տակ» գտնվող վրաստանահայերի մեծ մասի միասնական կարծիքն է, այլև Հայաստանի և արտասահմանի ԶԼՄ-ների`ձեր հանցավոր գործունեության բոլոր 20 տարիների ընթացքում»,- մասնավորապես, ասված է նամակում:
Թբիլիսիի հայերի ղեկավարը մեղադրում է Բեյբուրթին հայկական համայնքի կողմից ցանկացած նախաձեռնության ճնշման մեջ: Միաժամանակ, ըստ Թաթևոսովի, Բեյբուրթի կողմից անուշադրության են մատնվում տեղի ԶԼՄ-ների կողմից հայերի վրա լցվող կեղտոտ հայտարարությունները և չեն կանխվում հայաֆոբիայի կենդանական դրսևորումները:
«Բարի խորհուրդ ձեզ, ապաշխարեք և հեռացեք: Միգուցե, դեռ ժամանակ կա, որպեսզիկ մարդիկ մոռանան ամեն վատը և ներեն ձեզ: Առանց հարգանքների և պատասխանի հույսի»,-ասված է նամակում:
«40 տարի շարունակ ծանոթ լինելով գաղտնի կերպով վրեժ լուծելու ձեր ունակություններին, ինչպես նաև ուժային մարմիններում ունեցած ձեր կապերին և վարչական ռեսուրսներին, ինչում արդեն իսկ հասցրել եմ համոզվել`անմիջապես փորձարկելով իմ մարմնի վրա թբիլիսյան №117 մենախցի անմոռանալի ամիսների ընթացքում, հրապարակավ խորհուրդ եմ տալիս զերծ մնալ իմ հանդեպ հակաօրինական գործողություններից: Չարժէ, ավելի ծանր կնստի»,-նամակի հետգրությունում ասում է Թաթևոսովը: