«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» տնօրեն, 1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանը նորընտիր խորհրդարանը ավելի հուսադրող և ավելի ընդունակ է համարում, քան 2007-ինը:
«Նախ` բոլոր քաղաքական ուժերը, որ հասարակության մեջ կշիռ ունեն, նկատելի են, պարզ է, որ այլ համամասնությամբ, քան իրենց իրական կշիռն է, բայց կարևորը` ներկայացված են; Ես նկատի ունեմ Հայ Ազգային Կոնգրեսը, որը սկզբունքորեն նոր բան է հաղորդում խորհրդարանին:
Բացի այդ, երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում` «Բարգավաճ Հայաստանը», փաստորեն, ազատվելով կոալիցիայից, հայտնել է իր հաստատակամությունը իր նախընտրական ծրագրի խոստումներին, հայտարարություններին հավատարիմ գործել»,- ասել է Բլեյանը:
Նրա խոսքով` բոլոր քաղաքական ուժերի մեջ այսօր երևում են ընդունակ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ Բլեյանի, պետք է օգտագործեն իրենց շանսը, հատկապես, որ առջևում ընտրություններ են:
«Ես նկատի ունեմ նաև ՏԻՄ ընտրությունները: Կուզենամ, որ 2012թ. ՏԻՄ ընտրությունները շատ ավելի կարևորվեն, որ հանկարծ 1996 թվականի թաղապետերի, համայնքապետերի ընտրությունը չկրկնվի, երբ հրացանավոր մարդը, օգտվելով համապետական ընտրությունների բերած քաղաքական հասարակական անլրջությունից, վերցրեց համայնքային իշխանությունը: Դա սկզբունքային է և արդեն կարևոր նախափուլ կլինի նախագահական ընտրություներից առաջ»,- ասել է Բլեյանը:
Նա դժվարացել է համեմատել ներկայիս խորհրդարանը Գերագույն խորհրդի հետ, քանի որ 1990 թվականին իրենք բոլորն ընտվել են մեծամասնական ընտրակարգով:
«Եթե նկատի ունենանք, որ գոնե կեսից ավելին նոր քաղաքական դեմքեր էին, որոնք 90 թվականի ընտրություններով էին գալիս խորհրդարան, ուրեմն ասեմ, որ 90 թվականին դա հնարավոր էր լինել սովորական մարդ և ունենալ թիմակիցների, համակիրների մի խումբ: Կար հասարակական աջակցություն, կար խանդավառություն, ընտրակաշառքը, էդ երևույթները, էդ այլանդակությունները… 90 թվականին էդպես չէր, և ընտրվեց ԳԽ պատգամավոր, իսկ հիմա անգամ 41 մեծամասնական ընտրատարածքներում էդ ճանապարհը փակ է: Այսինքն` էստեղ գնում են նշանակովի կամ գնովի մեծամասնական տեղեր: Միջավայրի փոփոխություն է կատարվել: 90 թվականին այլ միջավայր էր, և այդ միջավայրի ծնունդը այլ գործիչներ էին»,- նշել Աշոտ Բլեյանը:
Նրա խոսքով` այլ բան է, որ այժմ խնդիրները, որոնք դրված են քաղաքական ուժերի, առաջ, բարդ են, և դրան համարժեք պետք է լինի նրանց գործելակերպը:
«Կունենա՞ն էդ լրջությունը. ինձ թվում է` կունենան: Կկարողանա՞ն. ինձ թվում է կկարողանան: Հետաքրքիր տարի է մեզ բոլորիս սպասվում: Ես վստահ եմ, որ քաղաքական կառավարման համակարգի փոփոխություններ են մեզ սպասվում, համենայն դեպս` օրակարգում կդրվեն», – ասել է Բլեյանը: