Այսօր վաղաժամ պայմանական ազատ արձակված ադրբեջանցի բլոգեր, ակտիվիստ Բախթիյար Հաջիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր կալանքը քաղաքական պատվեր էր, և ազատ արձակումը նույնպես իրականացվել է քաղաքական պատվերի համաձայն:
Հիշեցնենք, որ Բախթիյար Հաջիևը ձերբակալվել էր 2011 թվականի մարտի 4-ին, իսկ մայիսի 18-ին երկու տարվա ազատազրկման դատապարտվել բանակից խուսափելու մեղադրանքով: Սակայն նրա ձերբակալությունն իրականում պայմանավորված էր նրա քաղաքական ակտիվությամբ, քանի որ վերջինս 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել և տեսանյութերը տեղադրել սոցիալական ցանցերում: Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը Հաջիևին խղճի գերի էր ճանաչել:
Նշենք նաև, որ օրերս Հաջիևը նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևին` պահանջելով ազատ արձակել իրեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բլոգերը նշել է, որ նախագահից ներում չի խնդրել, թեև դա անշուշտ իր դերն ունեցել է իր ազատ արձակման հարցում:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է, որ իր ազատ արձակումը կապված լինի հունիսի 6-ին նախատեսված ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի այցի հետ, Հաջիևը պատասխանել է, որ այդ հարցը իրեն չէ, որ պետք է տրվի:
Բախթիյարը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել իր հասարակական-քաղաքական գործունեությունը: