Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հունիսի 4-ից 6-ը Հարավային Կովկաս կատարելիք այցի ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:
Նշենք, որ Քլինթոնը հարավկովկասյան իր այցը սկսում է այսօր Հայաստանից: Հունիսի 5-ին նա լինելու է Վրաստանում, իսկ հաջորդ օրը` Արդբեջանում:
«Թեև հասկանում ենք, որ այցերի ընթացքում քննարկվելու են քաղաքական օրակարգի տարատեսակ հարցեր, այնուամենայնիվ, մենք կոչ ենք անում շեշտը դնել նաև տարածաշրջանում` հատկապես Ադրբեջանում և Հայաստանում, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում առկա շարունակական մտահոգությունների վրա», – այդ առնչությամբ ասել է Freedom House-ի նախագահ Դեյվիդ Կրամերը:
Freedom House-ը կոչ է անում Հիլարի Քլինթոնին հարավկովկասյան երկրներում խոսել հետևյալ խնդիրներից.
Ադրբեջանում իշխանությունները հետապնդում են քաղաքական ակտիվիստներին, ուժ են կիրառում հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ, բանտարկում են ընդդիմադիր գործիչներին կեղծ մեղադրանքներով և փորձում են չեզոքացնել միջազգային մամուլը:
Չնայած Հայաստանում իշխանությունները բարեփոխումների իրականացման ամբիցիաներ են դրսևորում, դրանց իրականացումը խոչընդոտվում է քաղաքականության և բիզնեսի խորը կապերի պատճառով, ինչը խանգարում է ավելի մեծ հաշվետվողականության և թափանցիկության զարգացմանը:
Վրաստանում ապահովվում են որոշակի, բայց ոչ լիարժեք ինստիտուցիոնալ պաշտպանական մեխանիզմներ: Ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում, այստեղ հնարավոր են ավելի իմաստավոր բարեփոխումներ: Վրաստանում գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները թեստ են քաղաքացիական հասարակության համար` զարգացնելու ավելի արդյունավետ քաղաքական բարեփոխումներ:
Կազմակերպությունը նշում է նաև, որ Freedom House-ի 2012 թվականի զեկույցում Ադրբեջանը տեղ է գտել անազատ երկրների շարքում, իսկ Հայաստանը և Վրաստանը մասնակի ազատ են:
Մամուլի ազատության 2012 թվականի զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը անազատ մամուլ ունեցող երկրների շարքում են` զբաղեցնելով համապատասխանաբար 149-րդ և 172-րդ տեղերը:
Վրաստանը մասնակի ազատ է` 197 երկրների շարքում զաբղեցնելով 111-րդ տեղը: