Երեկ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնն օդանավակայանից ուղևորվել է ԱՄՆ դեսպանատուն աշխատակիցների ընտանիքների հետ հանդիպման համար:
«Սա առանձնահատուկ տարի է, քանի որ մենք նշում ենք ԱՄՆ-Հայաստան երկկողմանի հարաբերությունների 20-րդ տարեդարձը», – իր ելույթում ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ Հայաստանում ընդամենը 6 ամերիկացի աշխատակիցներ կային, ովքեր ղեկավարում էին դեսպանատունը հյուրանոցից:
«Երբ նրանք պետք է հաղորդագրություն ուղարկեին Պետդեպ, ստիպված էին բացել սենյակի պատուհանը և ալեհավաքը դրսում պահել`մինչև լավ կապ չապահովվեր: Կարծում եմ, առաջընթաց կա, այդպես չէ՞», – կատակել է Քլինտոնը:
ԱՄՆ Պետքարտուղարը կարևորել է նաև դեսպանատան կողմից վիզայի համար դիմող իրանցի ուսանողներին ընդունելու փաստը` «մի բան, որ այս դեսպանատունը հատկապես պարտավորված է անել»:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ ավելի լավ հարաբերություններ ենք ակնկալում թե Իրանի ժողովրդի հետ, թե ուսանողների փոխանակման հարցում և այլ հարաբերություններում, ու դուք օգնում եք մեզ այդ հարցում», – նշել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Աշխարհում հետաքրքիր ժամանակներ են: Ամեն ինչ անկանխետեսելի է: Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, բայց, կարծում եմ, բոլորիս համար կարևոր է շարունակել աշխատել աշխարհում խաղաղության, առաջընթացի, կայունության և բարգավաճման հաստատման համար, և մենք պետք է անենք առավելագույնս օգնելու համար Հայաստանին կառուցել ուժեղ ժողովրդավարություն, ուժեղ տնտեսություն և ավելի լավ ապագա հայ ժողովրդի համար», – հայտարարել է Քլինտոնը:
Առաջին հանդիպումից հետո նա ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը: Հիշեցնենք, որ Լրագրողական գերազանցության մրցանակը շնորհվել է Epress.am կայքին, «Խիզախ կին» մրցանակը` Ծովինար Նազարյանին, Ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակը` գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին, Բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակը` բնապահպան ակտիվիստներին և Ազատության պաշտպանի մրցանակը` Արթուր Սաքունցին:
Խոսելով մրցանակակիրների կատարած աշխատանքի մասին` Քլինթոնը նշել է.
«Այսօր այս տղամարդիկ և կանայք, որոնց մենք պատվում ենք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ժողովրդավարությունը իրականություն դարձնեն Հայաստանի համար: Նրանց փորձը ցույց է տալիս, որ մեծ խնդիրների լուծումները կարող են սկսվել մեկ կամ մի քանի մարդկանց գործողություններով: Փոփոխությունները սկսվում են խիզախ ակտիվիստների խմբի կողմից, ովքեր պայքարում են բնապահպանական հետընթացի դեմ, որպեսզի հայերը ավելի առողջ կյանք վարեն, փոփոխությունը սկսվում է լրագրողներից, ովքեր բարձրաձայնում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը` աջակցելով իրազեկման մակարդակի բարձրացմանը, և իրենց գործին նվիրված պաշտոնյաներից, ովքեր ոստիկանական համակարգը դեպի բարեփոխումներ են մղում:
ԱՄՆ-ն իր երկարամյա փորձից գիտի, որ եթե ցանկանում ես ունենալ կայուն, բարգավաճ հասարակություն, պետք է հաշվետու և արդյունավետ կառավարություն ունենաս, դինամիկ և ազատ տնտեսություն, և քաղաքացիական հասարակություն, որը կպաշտպանի բոլորի իրավունքներն ու արժանապատվությունը:
ԱՄՆ-ն հավատացած է, որ հաշվետու կառավարությունը և առաջնորդները հաջող հասարակությունների ամենակարևոր տարրերից են:
Այսպիսով, այսօր մենք պատվում ենք այս տղամարդկանց և կանանց մարդու իրավունքները պաշտպանելու համար, մենք նաև ճանաչում ենք նրանց, որպես ավելի ուժեղ Հայաստան կառուցելուն նվիրված մարդիկ: ԱՄՆ-ն կկանգնի այն մարդկանց թիկունքին, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները, ովքեր աշխատում են, որպեսզի ամեն մեկը կարողանա իրականություն դարձնել Աստծո կողմից իրեն տրված ներուժը, և հանուն ժողովրդավարության, որն այդքան խոստումնալից է Հայաստանի ապագայի համար»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի և չի կարող ունենալ:
«Ուժի կիրառումը խնդիրը չի լուծի, ուստի անհրաժեշտ է բացառել այն»:
Քլինտոնը հայտարարել է, որ ցավով է տեղեկացել վերջին իրադարձությունների մասին (հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել են 3, վիրրավորվել 6 զինվոր) և անհանգստացած է երիտասարդ զինվորների, անմեղ քաղաքացիների անիմաստ մահերի առնչությամբ:
Քլինթոնը հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և հայտարարել է, որ նույնը կասի նաև Բաքվում` հունիսի 6-ին: