Որպես ՄԱԿ անդամ` Հայաստանը պարտավոր է 4 տարին մեկ զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովին` ներկայացնելով իրավիճակը մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում: Սակայն արդեն 10 տարի է` մեր իշխանությունները նման զեկույց չեն ներկայացրել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը` մեկնաբանելով Ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովի Հայաստանին ուղղված կոչը:
Փորձելով լրացնել այդ բացը` Հարավկովկասյան իրավապաշտպանական ցանցի անդամ, հայաստանյան համակարգող Հելսինկյան ասոցիացիան, Rule of Law կազմակերպությունը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Բանակն իրականում» նախաձեռնությունն ապրիլին քրեակատարողականներում իրավիճակը նկարագրող համատեղ զեկույց են ներկայացրել Human Rights House կազմակերպությանը, որն էլ այն փոխանցել է ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովին:
«Այն կոչը, որ ՄԱԿ-ն այսօր արել է մեր իշխանություններին` շտապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը կալանավայրերում, իրականում հիմնաված է մեր զեկույցի վրա», – ասել է Միքայել Դանիելյանը:
Հարցին, թե որքանով է ՄԱԿ-ի խորհուրդը խիստ և հավանական է, որ իշխանություններին կստիպի քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար` իրավապաշտպանը պատասխանել է, թե մեծ ակնկալիքները չարժե ունենալ:
«ՄԱԿ-ն իր ձևաչափի մեջ է: Լավ կլիներ, որ նրա առհասարակ բոլոր խորհուրդներն ավելի պարտադրող լինեն և չդիտվեն իշխանությունների կողմից որպես փաստերի արձանագրում ու ընդամենը խորհուրդ»,- ասել է Դանիելյանը:
Epress.am-ը փորձել է ՄԱԿ-ի խորհրդի մասին մեկնաբանություն ստանալ նաև օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից, սակայն ՄԻ պաշտպանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ Անդրեասյանը այդ մասին կխոսի, երբ ավելի մանրամասն ծանոթանա ՄԱԿ-ի կոչին: