Մայիսի 25-ին Երևանում կայացած «Բազմազանություն» երթի դեմ ակցիա անցկացնող ազգայնական Էդմոնդ Պետրոսյանի և լրագրող Սիրանույշ Պապյանի միջև տեղի ունեցած միջադեպի քննությունը ոստիկանությունում ավարտվել է:
Հիշեցնենք, որ Էդմոնդ Պետրոսյանը երթի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք էր տեղացել լրագրողի հասցեին այն բանից հետո, երբ վերջինս հարցրել էր` ինչու է ազգայնականը վիրավորել «Բազմազանություն» երթի մասնակցիներից մեկին:
Epress.am-ի հետ զրույցում Պապյանը նշել է` ոստիկանությունը պարզել է, որ Պետրոսյանը վիրավորել է իրեն, սակայն, քանի որ քննության արդյունքում չեն հայտնաբերել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հանցակազմի հատկանիշները, քրեական գործ չի հարուցվել:
Ոստկիանության որոշման մեջ նշված է, որ «Էդմոնդ Պետրոսյանը կարծել է, թե Ս. Պապյանը ևս համասեռամոլություն քարոզողներից է, ու չի կարողացել զսպել իր զայրույթը և հայհոյել է, սակայն նա ներողություն է խնդրում և խոստանում, որ նման պահվածք իր կողմից այլևս չի կրկնվի»:
Համաձայն որոշման` Պապյանն ընդունել է Պետրոսյանի ներողությունը և ասել, որ այլևս պահանջ չունի:
Տեղեկացնենք, որ Էդմոն Պետրոսյանը Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի փոխտնօրենն է, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի Ավանի հանձնախմբի ղեկավարն է:
Լուսանկարը` ազգայնականների ակցիայից