Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր Գոհար Սարգսյանը, Նանա Մուրադյանը և Անահիտ Մկրտչյանը (լուսանկարում) այսօր Ազգային Ժողով են գնացել՝ պահանջելու 8 ծնողների կողմից 2011 թվականի սեպտեմբերին 30-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պատգամավորներ Արամ Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Հրայր Կարապետյանին ուղարկված զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված տեղեկանքների պատասխանները:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում մայրերը հիշեցրել են, որ իրենք 21 օր առաջ ԱԺ ընդունարանից մի քանի անգամ զանգել են այն ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Նիկոյանի գործավարին, ով ասել է, թե Նիկոյանը զբաղված է, հենց ազատվի, կտեղեկացնի:
Երկար սպասելուց հետո միայն ԱԺ-ի նամակների բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանը կանչել է ծնողներին ու սկսել է հարձուփորձ անել, իրենք էլ ասել են, որ իրենց ընդամենը հարկավոր են գործերի պատասխանները: Նա նաև խոստացել է, որ դրանք կուղարկվեն փոստով, ինչին ծնողները այդքան էլ չեն հավատացել:
«Մենք ընդամենը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից պահանջում ենք մեր երեխաների քրեական գործերի վերաբերյալ պատկան մարմինների պատասխանները: Այսօր բարձրացանք ԱԺ-ի նամակների բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանի մոտ ու հարցրինք, թե ինչո՞վ կարող է մեզ օգնել, նա էլ իր հերթին, թե՝ ի՞նչ եք ուզում ինձանից, ես ի՞նչ անեմ, որ չեն ուղարկել», – ասել է Գոհար Սարգսյանը:
Զինվորների մայրերը փորձել են պարզել, թե ինչ են եղել փաստաթղթերը, որոնք գտնվել են Սամվել Նիկոյանի մոտ, ով նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին ընտրվել է ԱԺ նախագահ` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին:
«Մենք հստակ տեղեկություն ունենք Հրայր Կարապետյանից, որ ինքը թղթապանակով փաստաթղթերը հանձնել է Սամվել Նիկոյանին: Դրանից հետո մենք պարբերաբար գալիս ենք, մեզանից միայն հեռախոսահամարներ են վերցնում, թե կզանգահարենք, կտեղեկացնենք՝ ուր են փաստաթղթերը, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան: Իսկ այսօր էլ մեզ ասում են՝ մի աղմկեք, մի գոռգոռացեք, մենք ի՞նչ անենք, որ հիմա ԱԺ նախագահն այլևս Նիկոյանը չէ: Հակոբյանն ասում է՝ թող ուղարկեին, մենք էլ հարց ենք տալիս՝ ասեք, ո՞ւր գնանք, ո՞ւմ մոտ», – նշել է Մկրտչյանը:
Ծնողները մտավախություն ունեն, որ այս ամբողջը լավ կազմակերպված շոու է իշխանությունների կողմից:
«Ինչ է նշանակում՝ Նիկոյանն այստեղ չէ այլևս, այդ դեպքում թղթերն ի՞նչ եղան: Կամ Նիկոյանն իր հետ տարել է, կամ կերել է: Կարուսել են սարքել, դրել պտտեցնում են, թող ասեին՝ չենք կարող տալ: Ինչի մասին էր շոուն, որ բոլոր հեռուստաընկերություններով հեռարձակվեց, թե՝ տեսեք, մենք ընդունել ենք սպանված զինվորների ծնողներին, լսեցինք, նույնիսկ ոմանք աչքերը հուզմունքից լցրեցին, ափսոսանք հայտնեցին՝ տեսնելով մեր երեխաների խոշտանգված նկարները: Ոչ ոք չի ուզում կանգնեցնել մարդասպանի ձեռքը, ինչո՞ւ են կոծկում, ու՞մ են պաշտպանում: Մի երկիր, որտեղ սեպտեմբերի 30-ից մինչ օրս մի փաստաթուղթ չենք կարողանում վերցնել, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը», – եզրափակել է Սարգսյանը:
Նշենք, որ այսօր որդեկորույս մայրերը նոր դիմում նամակ են գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով իրենց հանձնել փաստաթղթերը: