«Քրդական համայնքների միություն» (KCK) կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայան: Նրանից բացի, ձերբակալվել են ևս մի քանի քաղաքապետեր:
Վանի ոստիկանության բաժնի հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկումներ են իրականացրել կասկածյալների բնակարաններում:
Մոտ 3 ժամ ոստիկանությունը խուզարկել է Քայայի բնակարանը, այնուհետև նրա գրասենյակը: Խուզարկումից հետո Քայային կալանավորել են: Մյուս ձերբակալվածներն են` Մուրադիյեի քաղաքապետ Իզեթ Չելիկը, Բաշկալեի քաղաքապետ Հեչեր Շարիհանը և Օզալփի քաղաքապետ Մուրատ Դուրմազը:
Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդական համայնքների միություն» կազմակերպության նկատմամբ հետաքննության է սկսվել 2009 թվականին, որի շրջանակներում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել: Ձերբակալվածները մեղադրվում են տարբեր բնույթի հանցագործություններ իրականացնելու մեջ, այդ թվում` ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու, երկրի միասնությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձի մեջ: