Home / Հայաստան / Իրավապաշտպանները արձագանքել են ադրբեջանցի պաշտոնյայի սկանդալային հայտարարությանը

Իրավապաշտպանները արձագանքել են ադրբեջանցի պաշտոնյայի սկանդալային հայտարարությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի`մայիսի 31-ին հնչեցրած սկանդալային հայտարարությանը:

«Freedom House-ը խիստ անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների հայտարարությամբ, որոնք իրենց բացահայտ թշնամանքն են արտահայտում անկախ լրագրողների հանդեպ, պատրաստվում են մի շարք օրենքներում փոփոխություններ մտցնել, որոնք կարող են սահմանափակել տեղեկատվության հասանելիությունը»,-ասված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը իշխանամետ կազմակերպությունների հետ հանդիպմանն ասել էր. «Նրանք (ընդդիմությունը) այլևս չպետք է հանդես գան ադրբեջանական հանրության առջև: Նրանք պետք է վախենան փողոց դուրս գալ: Մենք պետք է ցույց տանք հասարակական ատելությունը նրանց հանդեպ»:

Բացի դա, երկրի խորհրդարանն աշխատում է երկու օրենքներ փոփոխելու ուղղությամբ, որոնք սահմանափակում են տեղեկատվության հասանելիությունը: Փոփոխություններից մեկը թույլ է տալիս պաշտոնյաներին մերժել լրագրողներին «ազգային շահերին հակասող տեղեկատվության տրամադրման հարցում»: Մյուս փոփոխությունը գաղտնի է դարձնում բիզնես ոլորտի տեղեկատվությունը:

«Այս միտումները արտացոլում են Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար կառավարությունում այլախոհությունը և հասարակական քննարկումները ճնշելու մտադրությունը», – նշում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Իշխանությունները հունիսի 4-ին փորձում էին մեղմացնել միջազգային քննադատությունը` բանտից ազատ արձակելով ընդդիմադիր ակտիվիստ Բախթիյար Հաջիևին: Վերլուծաբանների կարծիքով` նրա ազատ արձակումը պայմանավորված էր ԱՄՆ Հիլարի Քլինթոնի այցով, ով Ադրբեջան էր ժամանել հունիսի 6-ին:

Freedom House-ը կոչ էր արել Հիլարի Քլինթոնին բարձրացնել մարդու իրավունքների հիմնահարցերը Ադրբեջանում, որտեղ հետապնդվում են ակտիվիստները, ցրվում հանրահավաքները, ձերբակալվում են ընդդիմադիր առաջնորդները և վերացվում անկախ ԶԼՄ-ները: