Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ կառավարական զորքերը զինված հարձակում են գործել Համա գավառում գտնվող Ալ Կուբայր և Մաարզաֆ գյուղերի վրա: Սիրիական ազգային խորհրդի տվյալներով` սպանդի զոհ են դարձել 86 հոգի, հաղորդում է ВВС-ն: Իսկ Բաշար Ասադի ռեժիմը մեղքը գցում է «ներքին ահաբեկիչների վրա»:
Կիրակի երեկոյան կառավարական զորքերը սկսել են զանգվածային կերպով ռմբակոծել Համա քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած երկու գյուղերը: Ավելի ուշ գյուղ են ներխուժել իշխանամետ կիսալեգալ «Շաբիխա» ջոկատի անդամները, որոնց մեծ մասը ալևիներ են: Նրանք գնդակահարել և դանակահարել են Ալ Կուբայրի գրեթե բոլոր բնակիչներին, այդ թվում`մինչև երկու տարեկան երեխաներին: Եզակի մարդկանց է հաջողվել փրկվել:
Զոհերի թվում կան ավելի քան 20 կանայք և երեխաներ, պնդում են ընդդիմադիրները: Ալ Կուբայրում սպանվել է առնվազն 78 մարդ, այդ թվում`մեկ ընտանիքի 35 անդամներ:
Ասադի կառավարությունը մեղքը գցում է զինված գրոհայինների վրա, որոնք ձգտում են սադրել արտասահմանյան ուժերի ներխուժումը Սիրիա: «Սարսափելի հանցագործության մեջ մեղավոր են ահաբեկիչները»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին Հուլա քաղաքում ավելի քան 100 մարդ էր զոհվել: Տեղի ունեցածը դատապարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:
2011-ի մարտից սկսված և մինչ այժմ չդադարող զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով տարբեր գնահատականներով մինչև 9000 մարդ է զոհվել: