Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նխագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Համաձայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Երկրի ղեկավար հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը:
«Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը», – իր ելույթում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:
Ավարտելով այցը Ճապոնիա՝ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: