Հունիսի 7-ին «Դուստր Մարիաննա» ընկերությանը պատկանող կաթի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 55-ամյա Էդուարդ Ղազարյանի վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ արտադրամասի աշխատակից Ղազարյանը «Դուստր Մարիաննա» ընկերության կաթսայատան շոգեկաթսայի պայթյունից ստացել էր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ, բժիշկների գնահատմամբ, վիճակը ծայրահեղ ծանր է եղել:
«Երբ ընդունեցին տուժածին, վիճակն իրոք ծայրահեղ ծանր էր՝ ախտորոշումները՝ մի շարք, թվարկելու դեպքում կգերազանցի կես էջը: Նրա մոտ առկա են գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ (սրտի, թոքերի սալջարդ): Այսօր վիճակն համեմատաբար կայունացել է, տուժածը սկսել է շարժվել, ինչը խոսում է ուղեղի պահպանված վիճակի մասին: Աստիճանաբար կարգավորվում է նաև շնչառությունը, այսինքն նկատվում է ֆիզիկական ակտիվության արթնացում, ինչը շատ հուսադրող է», – նշել է Հովհաննիսյանը: