Ոստիկանության կողմից ընդդեմ Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանի, Կարո Եղնուկյանի, Կարեն Շիկոնյանի բերված բողոքը լսելով` դատարանը բավարարել է ոստիկանության բողոքը և նշանակել 53.000 դրամ վարչական տուգանք: Այս մասին Epress.am-ին հայտնել է Մանվել Սարգսյանը:
Հիշեցենք, որ դատարանը նախորդ նիստին մերժել էր Մանվել Սարգսյանի միջնորդությունը` տրամադրել 5-օրյա ժամկետ` ոստիկանության գործողությունների անօրինական լինելու մասին ապացույցներ ներկայացնելու համար: Սարգսյանի գնահատմամբ` այս դատական որոշումը նպատակ ունի արդարացնել Մաշտոցի պուրակի պաշտպանության 80 օրվա ընթացքում ոստիկանության անօրինական գործողությունները:
Ապամոնտաժող բրիգադի անդամները դեռ չեն պատրաստվում բողոքարկել վճիռը: Հունիսի 12-ին տեղի կունենա պուրակի մյուս պաշտպան Տիգրան Խզմալյանի գործով դատական որոշումը, այնուհետև միասնական որոշում կկայացվի` դատական հաջորդ ատյան դիմելու մասին: