DIY բարը որպես ազատ տարածք օգտագործելու նպատակով մի շարք արվեստագետներ մշակութային միջոցառումների շարք են սկսում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնողներից մեկը` Լալա Ասլիկյանը:
«DIY-ի պայթեցումից հետո` ԶԼՄ-ները գրում էին, թե DIY-ը եղել է նույնասեռականների հավաքատեղի: Իրականում նման բան չկա: DIY-ում հավաքվել են ազատամիտ մարդիկ տարբեր քաղաքական, կրոնական և գաղափարական կողմնորոշման: DIY-ն այսօր էլ ազատ տարածք է : Հունիսի 11-16-ը հավաքվելու ենք ակումբում: Հայաստանում մարդ ազատ պետք է լինի», – ասել է Ասլիկյանը:
Մշակութային միջոցառումների շարքը մեկնարկելու է այսօր` ժամը 19.00-ին` Նանոր Պետրոսյանի բանաստեղծությունների ընթերցմամբ և ֆրանսիացի ռեժիսորներ Ագաթա Լեպուտղեյի և Անտուան Ջանոտի նկարահանած «DIY» ֆիլմի ցուցադրությամբ:
Մյուս օրերին ելույթ կունենան թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը, համերգով հանդես կգա PINCET փանկ-ռոք խումբը, հայախոս մահմեդական համշենցիների մասին իր ուսումնասիրությունը կներկայացնի գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը:
Հիշեցնենք, որ DIY ակումբը մայիսին մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ազգայնական խմբավորման անդամների կողմից: Առաջին հարձակման ժամանակ երկու իրանահայ եղբայրներ` Համբիկն ու Արամեն, պայթեցրել էին ակումբը, որից հետո ձերբակալվել էին: Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էին վճարել ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: