Մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարվող հետաքննության շրջանակներում այսօր առավոտյան ռուսաստանյան մի շարք ընդդիմադիր ակտիվիստների բնակարաններում իրականացվող խուզարկման ընթացքում հայտնի հեռուստահաղորդավոր Քսենիա Սոբչակի բնակարանի չհրկիզվող պահարանում իրավապահները 1,5 մլն եվրո գումար են հայտնաբերել, հայտնում է LifeNews.ru-ն` հղում կատարելով հետաքննչական կոմիտեի աշխատակիցներից մեկի խոսքերին:
Քննիչները դեռ պետք է պարզեն 1,5 մլն եվրոյի ծագումը:
Ընդդիմադիր ակտիվիստների բնակարաններում օպերատիվ հետախուզական աշխատանքները տարվում են այսօր առավոտից:
Իրավապահ մարմինների աշխատակիցները առավոտյան 08:00-ից խուզարկում են անցկացնում ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնիի, Իլյա Յաշինի, Սերգեյ Ուդալցովի, Քսենիա Սոբչակի բնակարաններում:
Իրավապահները որոշել են խուզարկել Սոբչակի բնակարանը այն բանից հետո, երբ նա Twitter-ում հաղորդագրություն է թողել Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին: Իր միկրոբլոգում Սոբչակը հայտարարել էր, որ չէր գնացել հանրահավաքի, քանի որ գիտեր` ինչով է այն ավարտվելու:
Նշենք, որ վաղը ընդդիմադիրները պատրաստվում են հերթական բողոքի երթն անցկացնել: Վերոնշյալ ակտիվիստներին չի հաջողվի մասնակցել ակցիային, քանի որ այդ ժամին նրանք արդեն կանչվել են հետաքննչական բաժին` ցուցմունք տալու: