Դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հայաստանյան խոշորագույն ընկերությունը` «Նատալի ֆարմը» տուգանվել է 50 միլիոն դրամի չափով: Նման որոշում է այսօր կայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), որը դիմում-բողոք էր ստացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանից և Ստեփան Սաֆարյանից այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց հետևանքով դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ: Նշենք, որ «Նատալի ֆարմը» պատկանում է հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Բողոքի հիման վրա հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել և կատարված ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատություններն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է:
Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:
Ամփոփելով վարչական վարույթի արդյունքները` Հանձնաժողովը հետևյալ 7 տնտեսվարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողություները ճանաչել է որպես հակամրցակցային:
Տնտեսվարողներն են` «Նատալի ֆարմ», Եվրոֆարմ, Ռուսֆարմ, Ամիկուս, Էգդանի, Մեգի Էլ, Կամելիա, Անիկոֆարմ, անհատ ձեռներեց Հրանտ Գևորգյան:
Բուժհաստատություններ` Երևանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի թիվ 19 պոլիկլինիկա, Սևանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջևանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն:
ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանձնաժողովն այս ոլորտում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն իրականացնում և, հաշվի առնելով, որ, բացի «Նատալի ֆարմից», մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ և շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից, ՏՄՊՊՀ-ի նիստում որոշվել է խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ, քանի որ վերջիններն իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը և բարենպաստ պայմաներ են ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար:
«Հանձնաժողովը պարտադրել է վերջիններիս այսուհետ ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսևորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի և բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնելով բացառապես մրցույթով», – նշված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմին», ապա վերջինիս պարտադրել են վերացնել և հետագայում բացառել նման վարքագիծը: