Սանկտ Պետերբուրգում կարելի էր զարմանահրաշ մի երևույթի ականատես լինել` «հուշարձանային» հանրահավաքի, իր բլոգում գրում է հեղինակ Վալենտինա Ռոմանովան, հավելելով, որ «հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին նոր օրենքը, որը փաստացիորեն 24-ժամյա պարետային ժամ է մտցնում երկրում, «անտարբեր չի թողել անգամ քարե հուշարձաններին»:
Նշենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ընդունել, որը սահմանափակում է հանրահավաքների ազատությունը և ավելի խիստ պատիժ է սահմանում օրինազանցների համար: Օրենքը ուժի մեջ է մտնում այսօր` հունիսի 12-ին:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հուշարձաններն այսօր «միանձնյա պիկետներ էին անցկացնում»: Նրանց թվում են եղել հայտնի գրողներ Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Գրիբոեդովը, Ֆյոդոր Դոստոևսկին, Նիկոլայ Գոգոլը, Վլադիմիր Մայակովսկին:
Ինչպես նշում է բլոգի հեղինակը, օրինակ «Գրիբոեդովը թերահավատորեն նստած էր հետևյալ պաստառով. «Աղմկում ենք, եղբայր, աղմկում…», ըստ ամենայնի իր խոսքերն ուղղելով ընդդիմադիրներին, որոնց համար այս հրապարակը դարձել է ակցիայի համար «թույլատրելի» մի քանի վայրերից մեկը»:
Իսկ Դոստոևսկու պաստառն ասում է. «Ես վախից դողացող անասո՞ւն եմ, թե՞ իրավունք ունեմ… խաղաղ հավաքվել, առանց զենքի, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնել»:
Այսօր Սանկտ Պետերբուրգում «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսով հանրահավաք է անցկացվելու: Իսկ Մոսկվայում արդեն իսկ կայացել է «միլիոնների երթը», որին հաջորդել է հանրահավաքը` Սախարովի հրապարակում: