Հունիսի 11-13-ը «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում տեղի են ունենալու 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ:
Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշվում է Հայաստանում նախաձեռնող Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ, հնարավորություն տալն է Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին՝ տեղեկանալու երկու երկրներում՝ հանրային գիտակցությունը ձևավորորղ գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարները առ այսօր ուղղորդում են այդ հասարակությունների զարգացումը:
«Քաղցր վարանմունք/քաղցր 60-ականներ» նախաձեռնությունը մասն է ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներ» միջազգային հետազոտական ծրագրի, որը ժամանակակից արվեստի և տեսության դիտանկյունից ուսումնասիրում է 1960-ականների անհայտ, անտեսված կամ թաքնված համատեքստերը և տարածքները, որոնք դուրս են մնացել «ռոմանտիկ հեղափոխական ժամանաշրջանի» մեծ պատումից: