ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ԱԱԾ-ի այսօրվա հայտարարությունը` կապված իր դեմ հարուցված քրեական գործի հետ, ընդամենը փորձ էր ցույց տալու այդ քրեական գործը քաղաքական պատվեր չէ:
«Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է: Չեմ ուզում մտնել թվերի և այլ մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի», – նշել է Օսկանյանը: