Աբովյան 3/1 հասցեում գտնվող պատմամշակութային կառույց համարվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) նախկին շենքի հետնամասի քանդման աշխատանքները շարունակվում են: Նշված վայրում պատրաստվում են յոթ հարկանի հյուրանոցային համալիր կառուցել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը:
Նախաձեռնության ակտիվիստները խնդրի առնչությամբ հանդիպել են մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, ով նրանց ասել է, որ իրենք պայմանավորվածություններ են ունեցել կառուցապատում իրականացնող, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի հետ, բայց, փոխնախարարի խոսքով, Մայրապետյանը շտապել է ու սկսել քանդման աշխատանքները:
«Բայց ինչ ա նշանակում մշակույթի նախարարության պայմանավորվածությունները, էդ իմ համար անհայտ մնաց, որովհետև ես Սամուելյանին ասեցի, որ էդ նույն բանն է, որ դատարանում մարդուն բռնեք, առանց դատել գնդակահարեք: Դուք ինչ իրավունք ունեք քանդել, մշակույթի նախարարությունը պետք է խնամի, փայփայի էդ ամեն ինչը, և ոչ թե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերի: Իրենք տեղյակ էին, որ նման բան լինելու է, բայց ոչ մի իրավական փաստաթուղթ ցույց չտվեցին: Իրենք ոչ մի թուղթ չունեն ստորագրված, հաստատված, այ տենց թաքուն, խուժանավարի քանդել են: Սամուելյանին էլ ասեցի, որ վաղը կարող ա Օպերայի կեսն էլ մեկին պետք լինի քանդել, ուրեմն դա նորմա՞լ է հա ձեր համար»,- ասել է Գերավետյանը:
Գերավետյանը նշել է, որ Աբովյան 3/1 հասցեում գտնվող շենքն այս պահին գոյություն ունի, դարձյալ մշակութային կոթող է և դրա հարակից տարածքում կառուցվելիք շենքի շինարարկաան նորմերը պետք է պահպանվեն:
«ԱՕԿՍ-ի շենքի հետնամասի` Լալայանց փողոցի մասի երկու պատուհանները քանդվել են: Իրենք լրագրողներին ու հանրության անընդհատ փորձում են մոլորության մեջ գցել, ասում են` դա կցակառույց է, բայց դա սուտ է, կցակառույց չի, այլ մշակույթի նախարարության կողմից հաստատված է որպես կոթող: Իրենք անընդհատ սուտ են ասում, հետո էլ, եթե չի ստացվում, ասում են վերականգնում ենք, վերակառուցում ենք, բայց ոնց կարելի է վերակառուցել, երբ դրել են, քանդել են, քարերը բարբարոսաբար հավաքել տարել են, ոչ էլ համարակալել են», – տեղեկացրել է Գերավետյանը:
Նրա խոսքով` այս պահին իրենց նախաձեռնության ակտիվիստները մշակույթի նախարարությանը պայմանագիր պետք է ներկայացնեն, որում առաջարկվում է, որ եթե կառուցապատողը չի կատարում առաջարկված փոխզիջումային տարբերակը, ապա մշակույթի նախարարությունը պարտավորվում է ինքը կառուցապատողի սխալները կամ թերությունները լրացնել` սեփական միջոցներով:
«Ես, իհարկե, կասկածում եմ, որ նրանք նմանատիպ պայմանագիր կստորագրեն, բայց ինչևէ, եթե չեն ստորագրում, ուրեմն ես ենթադրում եմ, որ սա մաքուր դատախազության գործ է: Այսինքն իմ, ձեր, մեր բոլորի սեփականությունը ոչնչացրել է իր ինչ-որ նեղ կլանային շահերի համար», – նշել է Վարդան Գերավետյանը:
Շենքի վերաբերյալ Epress.am-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնել է, որ բարձրացրած աղմուկն անհիմն է, և Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում:
Նախարարությունը նշել է, որ ամիսներ առաջ կառուցապատողին մի շարք առաջարկներ է արել, որից հետո այդ առաջարկները հաշվի առնելով` կառուցապատող «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունը քննարկմանն է ներկայացրել նոր էսքիզային նախագիծ, որը համաձայնեցվել է, ինչպես նաև սեփականատերը ստորագրել է պահպանական պարտավորագիր:
Միաժամանակ սեփականատերը գրավոր իրազեկվել է, որ օրենքով սահմանված կարգով Լալայանց փողոցի կառուցապատման և Աբովյան 3 հուշարձան-շենքի կցակառույցի վերակառուցման աշխատանքային նախագծերը անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ: