Հունիսի 11-ին ավարտվեց Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրը: Երկար սպասված Ֆրանսիա-Անգլիա հանդիպումը հիասթափեցրեց երկրպագուներին: Դեռևս առաջին խաղակեսում կարելի էր նկատել, որ խաղի տեմպը բավական ցածր է, իսկ երկրորդ կեսի ընթացքում` հատկապես վերջնամասում, ֆուտբոլիստները գրեթե կանգնել էին:
Առաջին կեսի 30-րդ րոպեին Անգլիան հաջողությամբ խաղարկեց ստանդարտ դիրքը. տուգանայինից Ստիվեն Ջերարդը փոխանցում կատարեց Ջոլեոն Լեսկոտին, վերջինս էլ մոտ տարածությունից գլխի հարվածով բացեց հաշիվը: 9 րոպե անց ֆրանսիացի Սամիր Նասրին մոտ 22 մետրից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այն չփոխվեց մինչև խաղի ավարտը:
Եթե անգլիացիները, որոնք կազմի հետ կապված խնդիրներ ունեին, կարող էին գոհ լինել ոչ-ոքիից, ապա Ֆրանսիայի հավաքականի անատամ խաղը զարմացրել է մարզական վերլուծաբաններին: Լորան Բլանը բավական պաշտպանողական տարբերակ էր ընտրել` կարծես նպատակադրվելով չպարտվել: Հարձակվողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման վերջում, իսկ լավ մարզավիճակում գտնվող Ժերեմի Մենեզն ընդհանրապես մնաց պահեստայինների նստարանին: Ֆրանսիան, իհարկե, խաղային և տարածքային որոշակի առավելություն ուներ, սակայն մեծ հաշվով արժանի չէր հաղթել սկզբունքային հակամարտության մեջ:
Օրվա երկրորդ խաղը` Ուկրաինա-Շվեդիա, շատ ավելի հետաքրքիր ստացվեց: Գոլազուրկ ոչ-ոքիից հետո առաջին կեսում, Շվեդիան ակտիվացավ երկրորդի մեկնարկին և Զլատան Իբրահիմովիչի գոլի շնորհիվ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:
Ուկրաինայի ընտրանին չընկճվեց` գործի դնելով իր ծանր հրետանին ի դեմս վետերան Անդրեյ Շևչենկոյի: Ուկրաինացիների ավագը երկու անգամ գլխի գեղեցիկ հարվածներով գրավեց Անդրես Իսակսոնի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին:
Շվեդները կարող էին հավասարեցնել հաշիվը վերջին րոպեին,սակայն հարմար դիրքում հայտնված Յուհան Էլմանդերը բարձր հարվածեց:
Ընդհանուր առմամբ, խմբային մրցաշարի առաջին տուրն արդյունավետ ստացվեց` 8 խաղում թիմերը 20 գնդակ խփեցին: Մեկնարկային խաղերում առայժմ չի գրանցվել և ոչ մի գոլազուրկ ոչ-ոքի: