Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` նշելով, որ նման խոսակցություններ են պտտվում քաղաքական շրջանակներում:
«Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուգում խառնվել ո’չ դաշնակցական, ո’չ էլ քաղաքական գործերին ընդհանրապես: Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու Կառլեն Գևորգյանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հին ընկերներին նախապես ակնարկել են, որ իրենց կողմից ֆինանսավորում չի լինելու», – գրում է թերթը:
«ՉԻ»-ն նշում է, որ երկու գործարարների հետ քաշվելու պատճառը գրեթե նույնն է. երկուսն էլ պատգամավորի մանդատ չեն ստացել կամ գոնե լավ պաշտոնի տեր չեն դարձել:
«Փոխարենը, շինարարական մեծ ընկերություն ունեցող Կառլեն Գևորգյանը կարողացել է «լեգու գտնել» քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու պատվեր ստանալ` մայրաքաղաքի նստարանները կառուցելու ու լուրջ եկամուտներ ստանալու համար», – նշում է «ՉԻ»-ն: