Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում համոզմունք է հայտնել, որ իր բիզնեսը՝ մասնավորապես, շինարարությունը, Հայաստանում տուժում է, քանի որ ժողովուրդը լքում է երկիրը:
«Ամեն մեկը ձգտում է դուրս գալ Հայաստանից, ու դա ցավ է ինձ համար: Որքան պակասում է ժողովուրդը, այնքան տկարանում է դրամի շարժը խանութներում», – ասել է Հովնանյանն ու ընդգծել, որ այս տարին ամենացայտունն է այդ առումով:
«Մեր բիզնեսի համար այս տարին ամենադժվարն է, որովհետև բոլոր հաճախորդներն էլ ցանկություն ունեն տուն գնելու, բայց կարողություն և հնարավորություն չունեն. այսինքն՝ տների գները չեն բարձրացրել, մնացել են նույնը, բայց ժողովուրդ «չի մնացել»: Աշխարհի բոլոր կողմերից տուն գնելու ցանկություն հայտնող կա, բայց առնող՝ ոչ», – իր մտահոգություններն է հայտնել գործարարը ու նշել, որ այսօր քիչ թե շատ անշարժ գույքի շուկայում շարժ են ապահովում Սիրիայից, Իրանից, Եգիպտոսից փախած հայերի մի քանի ընտանիքները:
Հովնանյանի համոզմամբ՝ մարդիկ գնում են Հայաստանից, քանի որ «ապրում են ազատ, անկախ երկրում ու անում են այն, ինչ ուզում են». չկա երկիրը լքելու վախը:
«Մարդիկ գնում եմ, քանի որ այստեղ այնքան գործ չկա, պարապ նստելու տեղը գոնե գնում են իրենց գլխի ճարը տեսնեն, սա նորություն չէ հայության համար՝ պանդխտությունը մեր երգերի, արտասանությունների, գրվածքների մեջ է», -նշել է Հովնանյանն ու շեշտել, որ պետք չէ կառավարությանը մեղադրել աշխատատեղեր չստեղծելու մեջ՝ ժողովուրդն է ինքն է ստեղծում աշխատանքը:
«Մեր ժողովուրդն է, որ ցանկություն չունի առաջ գնալու, տղամարդկանց մեջ աշխուժություն չեմ տեսնում, այսօր ամենից շատ կանայք են աշխատում ու ամեն գործերում են՝ մաքրում են փողոցները և այլն», – ասել է Հովնանայանը:
Նա ընդգծել է , որ ինքը մեծ գանգատ ունի այստեղի աշխատողների դեմ:
«Օրենքը չի պարտադրում աշխատել, իսկ առանց աշխատանքի մարդիկ չեն կարող ապրել», – ասել է գործարարը: