Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ դոլարի թանկացումից հետո սննդամթերքի շուկայում գների բարձրացում չի նկատել:
«Ես էլ բոլորի պես ամեն օր գնում եմ խանութ ու, ճիշտն ասած, նման բան չեմ նկատել», – նշել է գործարարն ու հիշեցրել, որ նախկինում դոլարի բարձրաձման հետ հանմատեղ՝ կայծակնային արագությամբ թանկանում էր սննդամթերքը:
Դրամի արժեզրկումը ու դոլարի թանկացումը Հայաստանում, Հովնանյանի համոզմամբ, աշխարհում տիրող ճգնաժամի հետևանք է:
«Չեմ կարծում` Հայաստանի համար այս ամենը հատուկ է արվում, ու նամանավանդ կապ չեմ տեսնում ընտրությունների ու դոլարի թանկացման միջև», – ասել է Հովնանյանը:
Նա նաև ընդգծել է, որ իրենց ընկերության կողմից Գյումրիում հիմնված քարի արտադրամասը տուժել է. դոլարի անկման ժամանակ բիզնեսը չի աշխատել:
«Դոլարի` 480-490 դրամի հասնելու դեպքում միայն արտադրամասը սկսում է աշխատել ու աղյուս արտահանել ԱՄՆ», – նշել է Հովնանայանը:
Նոր ձևավորված կառավարությանը բանախոսը խորհուրդ է տվել վերահսկել մենաշնորհը Հայաստանում ու թույլ տալ յուրաքանչյուր ցանկացողի ապրանք ներկրել Հայաստան: