Home / Հայաստան / ԱԱԾ. Օսկանյանը հաշվետվություններ չի ներկայացրել. հարուցվել է քրեական գործ

ԱԱԾ. Օսկանյանը հաշվետվություններ չի ներկայացրել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ:

Համաձայն ԱԱԾ-ի հայտարարության` մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

«Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով», – ասված է ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում` «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել:

Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երեկ տարածած հայտարարության մեջ Վարդան Օսկանյանը նման գործողությունները որակել է որպես քաղաքական պատվեր: