Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, հատուկ նիստ է անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Նշենք, որ նիստը տեղի է ունեցել 2009 թվականին Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման վերաբերյալ Թուրքիայի կողմից զեկույցի հրապարակման նախօրեին:
Չնայած խորհրդարանականների մեծ մասը նշել է, որ նիստը միտված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը, Բնապահպանության նախարար Գիլադ Էրդանը,այդուհանդերձ, խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նշում է իսրայելական «Հաարեց» պարբերականը:
Էրդանը մեղադրել է Էրդողանին երկակի չափանիշներ կիրառելու մեջ, քանի որ վերջինս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, սակայն հրապարակայնորեն հայտարարում է, որ Իսրայելը ցեղասպանություն է կազմակերպում Գազայի հատվածում:
Էրդանի խոսքով՝ այն մարդը, ով մեղադրում է բանակին ահաբեկչություն իրականացնելու մեջ և պատահականությամբ քաղաքացիներին սպանելը ցեղասպանություն է որակում, կարող է և հասկանալ, որ հայերը հենց Ցեղասպանություն են վերապրել:
Քնեսեթի պատգամավոր Զահավա Գալ-Օնն ասել է, որ Իսրայելը ցինիկ կերպով օգտագործում է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի ներկայիս կառավարության վրա հարձակում իրականացնելու համար:
«Հայոց Ցեղասպանության ճանաչումը զոհաբերվել է նեղ շահերի խորանին»,-ասել է պատգամավորը:
Մեկ այլ պատգամավոր՝ Դով Խենինը, իր հերթին նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը բարոյական պարտականություն է: Ժամանակն է գնալ այդ քայլին»:
«Որոշ մարդիկ այստեղ հավատացած են, որ, քանի որ մենք հետապնդումների ենք ենթարկվել, մենք էլ պետք է հետապնդենք, և քանի որ մենք «ընտրյալ» ազգ ենք, կարող ենք սևացնել ազատ աշխարհի դիրքերը: Իրականում ամեն ինչ հակառակն է», – իր հերթին, ասել է պատգամավոր Նինո Աբեսաձեն` նկատի ունենալով, որ Իսրայելը, առաջին հերթին, պետք է պաշտպանի հետապնդվողների շահերը: Նրա խոսքով` երկար տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարցը չի քննարկվել, որովհետև Իսրայելը չի ցանկացել փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: