Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երեկ տեղի ունեցած ռեկտորի ընտրություններին, որոնց արդյունքում ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը, համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը վերաբերվում է որպես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հակաօրինական գործունեության շարունակություն: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Սա անօրինականությունների մի շղթա է, և բոլորը, ովքեր մասնակցում են, դառնում են այդ հակաօրինական գործողության մեղսակիցներ: Ես ցավում եմ, որ խորհրդի անդամները և խորհրդի նախագահը նույնպես դարձան: Եվ տեսեք` ինչ է ստացվում. Փաստորեն, եթե մի բան խախտում ես, դա հանցագործի համար հատուկ ոճ է: Մի հանցանք կատարելով` ստիպված ես այլ հանցանք կատարել: Ես հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչքանով է անօրինական այս ընտրությունը, որ առնվազն տասը հոգի իրավունք չունեին մասնակցելու»,- ասել է Սուրեն Զոլյանը և մեջբերել է կառավարության որոշումը բուհերի խորհուրդների ձևավորման մասին: Համաձայն այդ որոշման` լիազոր մարմնի, այսինքն՝ նախարարության կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ, իսկ ԵՊԼՀ-ի խոհրդի 24 հոգանոց կազմում վեցը եղել են չինովնիկներ: Խորհրդի կազմում պետք է լինեին նաև վեց ուսանողներ, որոնցից չորսը, Զոլյանի խոսքով, արդեն ուսանող չեն:
«Ուստի` ես ինչպե՞ս պետք է վերաբերվեմ այս հակաօրիանական գործունեությանը: Միգուցե, վարչապետը գոնե մամուլում այդ հարցը քննարկելուց հետո դադար տա այս մշտական անօրինականությանը: Նախարարը անօրիանական գործողությունների է դիմում, վարչապետը, փոխանակ կանխի և ինչ-որ ձևով պատասխանատվության կանչի տվյալ դեպքում նախարարարի պաշտոնակատարին, չպիտի հաստատի, այլապես ինքն էլ է դառնում մեղսակից»,- հայտարարել է Սուրեն Զոլյանը:
Նշենք նաև, որ վաղը տեղի է ունենալու Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: