Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Պարոն Գուտյերեսը նշեց իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: