ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու փաստը կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության ակտիվացման հետ, գրում է «Երկիր» թերթը:
«Իհարկե, պահի ընտրությունը կարող է որոշ կասկածներ առաջացնել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է նա` նշելով, որ, Վարդան Օսկանյանին և նրա ընտանիքին անձամբ ճանաչելով, խիստ կասկածում է, որ նա կարող էր ներգրավված լինել նման ծանր հանցագործության մեջ:
«Եթե քրեական մեղադրանքներով քողարկվում է քաղաքական հետապնդումը, սա ինձ համար և ՀՅԴ-ի համար բացարձակապես անթույլատրելի և անընդունելի է, մենք միշտ նման երևույթներին դեմ ենք եղել և կլինենք: Բայց կոնկրետ իրավական բնույթի քննարկում ես չեմ կարող անել, որովհետև բացարձակապես ծանոթ չեմ մեղադրանքի բնույթին: Կասկածում եմ, սակայն, որ նման մեղադրանքները կարող են իսկապես Օսկանյանի վերաբերյալ լինել»:
ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի արած մեկնաբանությանն էլ, թե Հայաստանում քաղաքական հետապնդումների և քաղաքական պատվերների դարաշրջանն արդեն անցյալում է, ՀՅԴ պատգամավորն ասել է, որ «պարոն Շարմազանովի օպտիմիզմը չի կիսում»: