ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, իհարկե, վրդովված է, նա արդեն երկու օր է հայտարարություններ է անում իր ֆեյսբուքյան էջում, նախօրեին էլ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին և ներկայացնում էր իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա առաջնորդողում գրում է Աննա Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից փողերի լվացման մեղադրանքով Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին և դրան հաջորդող հայտարարություններին:
«Օսկանյանի գնահատականն այն է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, Հայաստանում իշխանությունը մոնոպոլիզացված է, որն օգտագործվում է քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու նպատակով: Օսկանյանի գնահատմամբ, իշխանություններին ընդդիմադիր լինել` չի նշանակում պետությանը դեմ լինել, այլ նշանակում է` հանուն պետության դեմ արտահայտվել իշխանությունների արած սխալներին: «Թող, գնա, Պետրոս, եթե դու գտնում ես, որ Հայաստանը այսպես եկել է ու այսպես կգնա, թող, գնա, դու մեզ այստեղ պետք չես, մեզ այստեղ պայքարողներ են պետք», – մոտավորապես այսպես հաղորդման ժամանակ նա դիմեց Պետրոս Ղազարյանին: Հիմա ուզում եմ Վարդան Օսկանյանին, ում նկատմամբ մինչև 2008 թվականը, լինելով «ՀԺ»-ի արտաքին գործերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրող, քիչ թե շատ բարեկամաբար էի տրամադրված, ոչ թե մուննաթով, ինչպես ինքն էր Պետրոսին ասում, այլ բարեկամաբար նույնը ասել` պարոն Օսկանյան, թողեք, գնացեք, մի շարունակեք այն, ինչ սկսել եք, մի փորձեք մտնել քաղհալածյալի կերպարի մեջ, դա ոչ մի լավ բան չի խոստանում ոչ պետությանը, ոչ էլ ձեզ: Իսկ ինչո՞ւ: Որովհետև քաղաքական գործիչների կյանքում լինում են ճակատագրական պահեր, որ ազդում են հետագա ողջ գործունեության վրա, երբեք չեն մոռացվում: Ձեր դեպքում դա 2008 թվականի մարտի 1-ն էր, այդ օրը ձեր հրավիրած մամուլի ասուլիսը, այնտեղ արտահայտած ձեր մտքերը, այդ իրադարձությունների ժամանակ ու դրանցից հետո ձեր պահվածքը որպես պետական պաշտոնյա և որպես քաղաքացի: Սա իսկապես բարեկամական հորդոր է, որին Վարդան Օսկանյանը գուցե արժանի էլ չէ: Այն, որ չի կարելի հավատալ Հայաստանի իրավական համակարգին, որը մեկ մարդու ձեռքի գործիքն է ու օգտագործվում է ընդդիմությանը ճնշելու համար, ասվում է 2007 թվականից, երբ քրեական գործեր սկսեցին հարուցվել ընդդիմության առաջնորդ` նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների վրա: Մինչդեռ, Վարդան Օսկանյանը հավատում էր ու հայտարարում, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը զինամթերք և պայթուցիկներ էր կուտակել, ոստիկանությանը մեծ դիմադրություն ցուցադրել: Հիմա էլ ես եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել», – գրում է Հակոբյանը:
Նա նշում է, որ Վարդան Օսկանյանն առաջին մարդը չէ հանրապետությունում, ով հանուն պետության ընդդիմանում է իշխանություններին, մինչդեռ այն ժամանակ, երբ այդպիսի տասնյակ գործիչների քրեական հետապնդման էին ենթարկում հակապետական հոդվածով, Վարդան Օսկանյանը լռում էր, այսինքն` հավատում էր մեղադրանքին:
«Երբ մի քանի դիվանագետներ, այս ամենին արձագանքելով, քաղաքացիական գիտակցություն դրսևորեցին, հայտարարություն ստորագրեցին, որի ամբողջ իմաստն այն էր, որ «Հայաստանը այսպես չի եկել և այսպես չպետք է գնա», Վարդան Օսկանյանը նրանց ասաց` թողեք, գնացեք, ազատեց աշխատանքից, զրկեց դիվանագիտական կոչումներից, ապրուստի նվազագույն միջոցից: Հիմա էլ ասում է. «Մեզ այստեղ պայքարողներ են պետք»: Բացարձակապես նույն բաների համար պայքարողներին, ինչի համար հիմա Վարդան Օսկանյանին պայքարողներ են պետք, ծեծեցին-ջարդեցին, բանտարկեցին, հալածեցին, ունեզրկեցին, գնդակահարեցին, ու եթե այն ժամանակ Վարդան Օսկանյանն ու իր նմանները արտահայտվեին, որ չեն հավատում իրավապահ համակարգին, մենք արդեն կունենայինք ուրիշ Հայաստան: Իր ֆեյսբուքյան էջում Օսկանյանը գրել է. «Իհարկե, սա քաղաքական պայքարի իմ պատկերացրած ձևը չէ, սակայն սրան էլ եմ պատրաստ»: Հավատացեք, պարոն Օսկանյան, սեփական իրավունքները, արժանապատվությունը, ձայնը, սեփական երեխայի ապագան պաշտպանելու համար Երևանի կենտրոնում գնդակահարվելը որևէ մեկի պատկերացրած քաղաքական պայքարի ձևը չէր, բայց մարդիկ նույնիսկ դրան էին պատրաստ, և հիմա դուք ծառայում եք ավելիին պատրաստ մարդկանցից ուշադրություն շեղելու սերժանտական գործին», – մասնավորապես, գրում է Հակոբյանը: