«Քաղցր վարանմունք՝ քաղցր վաթսունականներ» նախագիծը, որի շրջանակներում հունիսի 11-ից 13-ը Երևանում ցուցադրվել են 60-ականներին արտադրված 5-ական թուրքական և հայկական ֆիլմեր, մաս է կազմում «Քաղցր 60-ականներ» միջազգային հետազոտական մեծ նախագծի:
Նախագիծը տարբեր ԶԼՄ-ներում բնութագրվել է որպես հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման նոր փուլ: Որոշ քաղաքական գործիչները ծրագիրը մեկնաբանել են` այն կապելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի կամ սահմանային հարձակումների հետ:
Epress.am-ի հետ զրույցում նախագծի համակարգող Ռուբեն Արևշատյանը պարզաբանել է, սակայն, որ ծրագիրը որևէ առնչություն չունի օրերս տեղի ունեցած իրադարձությունների հետ, քանի որ այն 4 տարի առաջ մեկնարկած «Քաղցր վաթսունականները» նախագծի մաս է, որի նպատակն է անդրադառնալ 60-ականներին տեղի ունեցած բեկումնային իրադարձություններին` սկսած Վիետնամի պատերազմից մինչև Սառը պատերազմ, հասարակությունների զարգացումներին ու արժեհամակարգային փոփոխություններին տարբեր աշխարհամասերի երկրներում`Հնդկաստանից մինչև Լատինական Ամերիկա, Ալժիրից` Ռուսաստան: Ավելին` ծրագիրը որևէ քարոզչությամբ չի զբաղվում, նախաձեռնվել է արվեստի վերլուծաբանների նեղ շրջանակի համար:
«60-ականները հաճախ ընկալվում են որպես էպիկենտրոնային զարգացման ժամանակահատված, երբ ժայթքումներ կային, սակայն դրանք մարում էին «արվարձաններում»: Դրանց մասին կա բարդութային մոտեցում: Այս նախագիծը ուսումնասիրում է 60-ականների արդիականության զարգացումը ոչ միայն կինոյում, այլև արվեստի այլ ճյուղերում: 60-ականները Հայաստանում առանձնացան, օրինակ, նաև ուրբանիզացմամբ, մոդեռնիստական ճարտարապետության մուտքով: Համենայնդեպս տեղի ունեցավ մշակութային բևեռացում, որ հնարավորություն տվեց հետագա զարգացման ուղին ընտրելու»,- ասել է Արևշատյանը:
«Քաղցր վարանմունք»-ի շրջանակներում ցուցադրվել են հայկական «Բարև՛, ես եմ», «Եռանկյունի», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, ինչպես նաև դրանց մասին վերլուծություններ են ներկայացրել արվեստի քննադատները:
Ծրագրում ընդգրկված ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ֆիլմերը, տվյալ գործերի վերլուծություն-զեկուցումները ընտրվել են ժամանակաշրջանը, դրա ինտրիգները, սոցիալական փոփոխությունները, արժեքային համակարգը ներկայացնելու սկզբունքով:
«60-ականները Թուրքիայում ինդուստրիալիզացման, քաղաքային և գյուղական մշակույթների ձևավորման, ուսանողական համայնքների և դրանց միջև տեղի ունեցող բախումների շրջան էր: Քանի որ 60-ականներին մոտ 2000 ֆիլմ է նկարահանվել, մենք դժվարությամբ ընտրեցինք այն չորս ֆիլմերը, որ բերել ենք և հույս ունենք ճիշտ և տպավորիչ են ներկայացնում ժամանակաշրջանը: «Դառը կյանք», «Հայրենաբաղձ թռչունները» ֆիլմերը, օրինակ, սոցիալ ռեալիզմի, միգրացիայի, ժողովրդավարության թեմաներին են անդրադառնում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ծրագրի մասնակից, թուրքական կինոյի քննադատ Ահմեթ Գյուրաթան:
Համակարգող Ռուբեն Արևշատյանը նշել է նաև, որ «Քաղցր Վաթսունականներ»-ը դեռ 2-3 տարվա ծրագիր ունի իրականացնելու և չի սահմանափակվելու միայն ֆիլմերի ցուցադրությամբ: