«Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է», – այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետևում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:
«Սիվիլիթասը» կարևոր է մեզ համար, և մենք շատ հետաքրքրված ենք այս գործով», – հավելեց դեսպանը` նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ «ինչ փողեր են, ուր են գնացել և ով ում ինչ է արել»։
«Սիվիլիթասը» շատ կարևոր գործընկեր է մեզ համար, և մենք կարծում ենք, որ այն շատ կարևոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների համար։ Ես այժմ գնում եմ «Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ և տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը», – նշել է Ջոն Հեֆերնը։
ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։
Քրեական գործը, փաստորեն, հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։