Վերջին տարիների քրեաօլիգարխիկ վարչախմբի վարած ազգադավ քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է պատերազմի շեմին` տարածաշրջանում դառնալով գերտերությունների սպասարկող գործիք: Այս մասին ասված է Գևորգ Ալիխանյանի և Մնացական Մուրադյանի` Գյումրիի մի խումբ ազատամարտիկների անունից տարածած հայտարարության մեջ:
«Սրընթաց թանկացումները, գործազրկությունը, ծայրահեղ աղքատությունը, երկրի ընդերքի անխնա թալանը, աղետալի չափերի հասնող արտագաղթն ահավոր ձևով քայքայում են մեր երկիրը, գերշահույթ բերելով ռեժիմին: Այս ամենն իր բացասական հետևանքն է թողնում ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրի, այնպես էլ Հայաստանի գոյատևման և զարգացման վրա: Ազատամարտիկների այրամբ, հայ ժողովրդի զրկանքների գնով ստեղծված, Արցախը ազատագրած, տարածաշրջանում երբեմնի մարտունակ բանակ ունեցող, հաղթանակած երկիրը` այսօր հանցագործ իշխանությունների և կոռումպացված գեներալների շնորհիվ հայտնվել է թույլի և պարտվողի կարգավիճակում: Բանակն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն ռեժիմը այն օգտագործում է սեփական ժողովրդին ճնշելու համար` սպասարկելով սեփական շահերը», – նշում են ազատամարտիկները:
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ անհայտ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները ուժասպառ են լինում` բախվելով իշխանությունների դռները, պահանջելով մահվան դեպքերի արդար բացահայտում, որին ռեժիմը պատասխանում է ստանդարտ արտահայտություններով «Ինքնասպանություն» կամ «Դիպուկահարի կրակոց»` խնամքով թաքցնելով իրականությունը:
«Վերջին մեկ ամսվա ադրբեջանական հարձակումները Հայաստանի և Արցախի սահմանների վրա վկայում են այն մասին, որ թշնամին զգացել է մեր երկրի թուլությունը և հետախուզական մարտերի միջոցով շոշափում է Արցախի և Հայաստանի սահմանները, որի հետևանքով զոհվում է հայ զինվորն ու գյուղացին: Ավազակապետությունը օգտվելով ժողովրդի անտարբերությունից, ընտրակաշառքներով ու համակարգված ընտրակեղծիքներով բռնազավթելով իշխանությունը, կազմակերպված ձևով բարոյալքում են ժողովրդին ու բանակը: Արդյունքում վտանգված է ՀՀ անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ:
Գյումրիի ազատամարտիկները դիմում են հասարակությանը, քաղաքական և հասարակական գործիչներին, մտավորականությանը` կոչ անելով հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ զինվորի ու Արցախի` վերջ տալ հանցավոր անտարբերությանն ու քաղաքական ինտրիգներին, որոնք կործանում են երկիրը:
«Միայն ակտիվ պայքարի միջոցով կկարողանանք ազատվել ռեժիմից ու սաստել թշնամուն: Սա մեր երկիրն է, հանցագործ իշխանությանը չէ: Մենք և մեր երեխաներն են ապրելու մեր երկրում, միայն սրտացավ ու համախմբված պայքարի միջոցով, առանց օլիգարխների, հանցավոր իշխանությունների ու կոռումպացված գեներալների կկարողանանք վերակենդանացնել ու զարգացնել մեր երկիրը: Այլապես շարունակելով հանցավոր անտարբերությունն ու հանդուժողականությունը, մենք կդատապարտվենք կործանման, ինչի համար պատմությունը մեզ չի ների», – եզրափակում են հայտարարության հեղինակները: