Home / Հայաստան / Խախտելով ռեժիմը` Ադրբեջանը շեղում է ուշադրությունը ներքին խնդիրներից. կարծիք

Խախտելով ռեժիմը` Ադրբեջանը շեղում է ուշադրությունը ներքին խնդիրներից. կարծիք

Ադրբեջանը չի վերսկսի պատերազմը, քանի որ այն չի էլ ավարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը:

«Հարցն այլ է՝ կլինի՞ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսում, թե՝  ոչ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետև պատերազմ սկսում են և ոչ թե դեմոնստրացիաներ  անում: Ինչպես գերմանացի հայտնի քաղաքական գործիչ Բիսմարկն էր ասում. «Ինձ մի պատմեք թշնամու ցանկությունների մասին, ինձ պատմեք թշնամու հնարավորությունների մասին»», – ասել է Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ չնայած նրան, որ Ադրբեջանն օրեցօր զինվում է, պատերազմ սկսելու հնարավորությունների առումով բավական զիջում է:

«Միայն ռազմական պատրաստվածությունը չէ, կան մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, որոնք Ադրբեջանն ուղղակի պիտի հաշվի առնի պատերազմ սկսելուց առաջ: Հարց է առաջանում՝  եթե Ադրբեջանը չի ուզում ռազմական գործողություններ սկսել, ապա ինչի՞ն են ուղղված այդ դեմոնստրատիվ գործողությունները, ինչի արդյունքում, ցավոք սրտի,  մենք ունենում ենք մարդկային կորուստներ: Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ուզում է ցույց տալ, թե իբր տիրապետում է իրավիճակին տարածաշրջանում, տարածաշրջանային անվտանգությունը կախված է  իր կամքից և այսպես ասած տարածաշրջանում  անվտանգության ու խաղաղության դիմաց փորձում է ստանալ որոշակի զիջումներ»,- նշել է բանախոսը:

Նրա խոսքով՝ այդ զիջումները հիմնականում կապված են ժողովրդավարական ու մարդու իրավունքների հետ:

«Ամենագլխավոր զիջումն այն է, որ Արևմուտքը աչք փակի ժառանգության խնդրի վրա Ադրբեջանում: Քանի որ Իլհամ Ալիևն արդեն երկրորդ նախագահական ժամկետն է ավարտում, ու այնտեղ խորը ներքաղաքական  քննարկումներ են գնում՝ հաջորդ նախագահի պաշտոնը ստանձնելու համար. այսինքն՝ գնալ երրորդ ժամկետի, որը Արևմուտքի կողմից կդիտվի ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում, թե իշխանությունը հանձնել կնոջը, ով նույն ընտանիքի անդամն է, այսինքն՝ էականորեն ոչինչ չի փոխվի, ինչն էլ այս կամ այն կերպ կդիտվի ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում», – նշել է Հովհաննիսյանը:

Բանախոսը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու դիմաց Ադրբեջանը փորձում է միջազգային  հանրության ուշադրությունը շեղել այս խնդիրներից: