Առաջին խմբի հաշմանդամ, կույր ազատամարտիկ Պարգև Մխիթարյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ նստացույց է հայտարարել, գրում է «Երկիրը»:
2011-ի ապրիլին նա դիմել է քաղաքապետարան, որպեսզի սեփականաշնորհի իր` 1995թ. ստացած 400 քմ այգին: «Բերքատու ծառեր եմ տնկել, այսքան ժամանակ խնամել դրանք, իսկ քաղաքապետի խորհրդական Գրիշա Սարիբեկյանը քնեցնում է գործը և մինչև հիմա պատասխան չի տվել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը և հավելել, որ ՄԱԿ-ն իր վերջին հույսն է. «ՄԱԿ-ից եկել եմ խնդրելու, որ չեմ ուզում իմ հայրենիքում գերի լինել, թող ինձ ուրիշ տեղ ուղարկեն, թող ուրիշներն ինձ գերի վերցնեն, բայց ոչ թե գերի լինեմ Հայաստանի Հանրապետությունում»:
«ՄԱԿ-ն ինչ անի, երբ պետական այրերը տեր չեն կանգնում նրանց, ովքեր իրենց տեսողությունն են զոհաբերել հայրենիքի համար, երբ արվում է ամեն ինչ, որպեսզի մարդ հիսաթափվի, ձեռքը թափ տա ու հեռանա հայրենիքից, այն հայրենիքից, որի իրական արժեքը, վստահ ենք, նման մարդիկ ավելի լավ են հասկանում, քան նրանք, ովքեր խոսում են հայրենիքի անունից…»,- գրում է թերթը: