Այսօր Արտաշատի դատարանի շենքի առջև ընդհարում է տեղի ունեցել ակցիա անցկացնող երկու խումբ մարդկանց միջև:
Խմբավորումների հակասությունը վերաբերում է Մարիամ Գևորգյանի գործին, որով այսօր հերթական դատական նիստն է ընթացել դատարանում` փակ դատավարությամբ:
Հիշեցնենք, որ դատական գործով մեղադրվում է Գևորգյանի սկսեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, ով, գործի նյութերով, 2005-2010թթ. ընթացքում դաժանաբար ծեծել ու խոշտանգել է իր որդու` Դավիթ Զիրոյանի առաջին և երկրորդ կանանց`Մելինե Բայաթյանին և Մարիամ Գևորգյանին:
Մարիամ Գևորգյանին գործի ողջ ընթացքում սատարող «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության» կոալիցիան այսօր էլ նիստի ժամանակ ակցիա է անցկացնում դատարանի առջև` բաց դատավարություն պահանջելով:
Ինչպես Epress.am-ին հայտնել է դատարանում ներկա իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` այսօր կոալիցայի ակցիայի դեմ անցկացվել է սկեսուրին պաշտպանող ակցիա:
«Ազատություն անմեղ կնոջը», «Զրպարտիչ-շանտաժիստներ» և նման այլ կոչեր կրող պաստառներով հակընդդեմ ակցիա անողները, Դանիելյանի փոխանցմամբ, Հայկանուշի բարեկամներն ու հարևաններն էին, ովքեր վստահեցնում էին, որ լավ են ճանաչում նրան, և կինն ունակ չէ մարդ ծեծելու: Դատարանի մոտ ներկա Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի փոխանցմամբ` հակընդդեմ բողոքի մասնակիցները ցուցադրել են Մարիամի ծեծված մարմնի նկարներ և ասել, թե նա մաշկային անբուժելի հիվանդություն է ունեցել և դա է պատճառը, որ Զիրոյանը բաժանվել է նրանից: Հայկանուշ Միքայելյանի օգտին կազմակերպված ակցիայի մանսակիցները հեգնում ու սադրում էին Կոալիցիայի անդամներին և վիրավորական արտահայտություններ էին անում Մարիամ Գևորգյանի հասցեին:
Սկեսրոջ հարազատներն ասել են, որ Մարիամին պետք է դատել` սուտ մատնություն կատարելու համար:
Թեև Մարիամ Գրիգորյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը միջնորդել է շարունակել նիստերը բաց դատավարությամբ, դատավորը անփոփոխ է թողել որոշումը բավարարել Զիրոյանի առաջին կին Մելինե Բայաթյանի միջնորդությունը` փակ դատավարության մասին:
Այս փաստը, փաստաբանի խոսքով, վկայում է այն մասին, որ դատավորը անկողմնակալ չէ, քանի որ որոշման պատճառաբանության մեջ նա չի ներկայացնում ապացույցներ, որ փակ դատավարությունը չի խոչընդոտի գործի արդար դատավարությանը և չի սահմանափակի ԶԼՄ-ների լուսաբանման իրավունքը:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանին Արտաշատի դատարանի նախագահ Սարգսյանը ասել է, որ քանի որ տուժողներից մեկը դեմ է բաց դատավարությանը, դատի անցկացման կարգը չի փոխվի:
Հիշեցնենք, որ Զիրոյանի երկրորդ կինը` Մարիամ Գևորգյանը, Սանկտ Պետերբուրգից, որտեղ բնակվում է ընտանիքը, 10 ամիս խոշտանգումներից հետո հասել է Հայաստան, բուժում ստացել և բողոք ներկայացրել ամուսնու դեմ: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Լուսանկարները և տեսանյութը` Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա