2013 թվականին պետական համակարգում կներդրվի համակարգչային հուսալի և անվտանգ համակարգ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ տարսնպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը` անդրադառնալով հաքերային հարձակումների և համակարգչային վարակների մասին հարցին:
Նա իր խոսքում նշել է, որ մշակված ծրագրի նպատակը հիմնականում հետևյալն է` ստեղծել հուսալի համակարգեր և համակարգչային փաթեթներ, քանի որ ներկա փաթեթները հին են կամ արդիական չեն:
«Երկրորդ` մենք բոլորս գիտենք, որ չունենք համապատասխան համակարգչային գիտելիքներ, որ կարողանանք այդ բոլորի դեմ պայքարել: Կիբեր հանցագործությունը շատ արդիական ժամանակակից հանցագործություն է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Շատ երկրներ, այդ թվում` մեր երկիրը, ճանաչվել է որպես խոցելի այդ առումով, դրա համար մշակեցինք այս ծրագիրը, մշակվեց ժամանակացույցը, միջոցառումների ցանկը, 2013 թվականի ընթացքում այդ բոլորը կներդրվի»,- ասել է Մանուկ Վարդանյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` պետական համակարգում պարտադիր պետք է տեղադրեն վերոնշյալ համակարգը, նա խորհուրդ է տալիս մասնավոր դաշտին ևս առաջնորդվել այս միջոցառումների իրականացմամբ:
«Ցանկալի կլինի, որ 100 տոկոսով կարողանանք դրա դեմ պայքարել, թե ինչքան կլինի, կյանքը ցույց կտա, որովհետև տեխնիկան առաջ է գնում, տեխնոլոգիաներ են մշակվում և նման գործով զբաղվող,այսպես կոչված, հաքերները, ևս պարապ նստած չեն, իրենք ևս աշխատում են այդ ուղղությամբ: Դա ամբողջ աշխարհի խնդիրն է, միայն Հայաստանինը չի»,- հավելել է Մանուկ Վարդանյանը: