Home / Հայաստան / Քոչարյանի օրոք ուղիղ եթերում բողոքելն անհնար էր. Արամ Աբրահամյանը՝ Օսկանյանի մասին

Քոչարյանի օրոք ուղիղ եթերում բողոքելն անհնար էր. Արամ Աբրահամյանը՝ Օսկանյանի մասին

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը չի հավատում, որ Վարդան Օսկանյանը զբաղվել է «փողերի լվացմամբ», ինչպես չէր հավատում, որ նման բանի ընդունակ է մեկ այլ նախկին արտգործնախարար` Ալեքսանդր Արզումանյանը: Այս մասին Աբրահամյանը գրել է իր այսօրվա խմբագրականում:

«Ընդհանրապես «հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը», որը «փող լվանալու» ճշգրիտ անվանումն է, շատ ծանր մեղադրանք է: Տեսականորեն բացառված չէ, որ Ջոն Հանթսմանը, որը գումարներ է փոխանցել Օսկանյանին, եկամուտներ է ստացել ոչ օրինական ճանապարհով, բայց արդյոք մեր ԱԱԾ-ն ի վիճակի՞ է զբաղվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության և համաշխարհային մորմոնական շարժման առաջնորդներից մեկի գործերով: Թե ինչ նպատակներ է այդ գործիչը հետապնդում Հայաստանում` նույնպես դժվար է ասել, բայց որ նրա օգնությամբ ստեղծված «Սիվիլիթասը» դրական ու խրախուսելի աշխատանք է կատարում, դա, իմ կարծիքով, անվիճելի է: Ինձ համար «Սիվիլիթասը» առաջին հերթին լրատվամիջոց է, և բոլոր նորմալ լրագրողները, անկախ քաղաքական համոզմունքներից, կարծում եմ, պետք է կանգնեն գործընկերների կողքին: Հարկային խնդիրներ, այո, բոլոր հիմնադրամները կարող են ունենալ, բայց դա բոլորովին այլ մեղադրանք է, և քանի ուշ չէ, հավանաբար իշխանությունները պետք է իրենց մոտեցումները վերաձևակերպեն:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: «Կենտրոնի» «Ուրվագիծ» հաղորդման հյուրը լինելով` պարոն Օսկանյանը հայտարարեց. «Իշխանության հանդուրժողականությունը զրո է»` ավելացնելով, որ իշխանությունը բոլորից պահանջում է ասել, թե ամեն ինչ լավ է, արտագաղթ չկա, տնտեսական աճ կա և այլն: Անկախ նրանից` արդյոք նրա գլխին գործ սարքո՞ւմ են, թե՞ չէ, այդ պնդումները ճշգրտման կարիք ունեն: Եթե համեմատելու լինենք Ֆրանսիայի կամ թեկուզ Էստոնիայի հետ, ապա` այո, զրո է: Եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ, ապա` «պլյուս 1» է: Շատ պարզ պատճառով, իր արտգործնախարար լինելու տարիներին, մասնավորապես, 2002-ի ապրիլից` «Ա1+»-ը փակելուց հետո չկար մի հեռուստաընկերություն, որտեղ հանիրավի հետապնդվող ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող էր գնալ և ուղիղ եթերում բողոքել այդ հետապնդումից: Հիմա առնվազն «Կենտրոնը» և «Երկիր մեդիան» այդպիսի հեռուստաընկերություններ են: Ավելին` երբ «Ա1+»-ը փակվեց, «վերևից» ստիպեցին բոլոր հեռուստաընկերություններին և մի շարք այլ լրատվամիջոցների հայտարարել, որ Հայաստանում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում (դա կարելի է սև հումոր համարել): Չեմ պատկերացնում, որ այժմ նման բան հնարավոր է: Դուք կասեք` հիմա էլ է «Ա1+»-ը եթերազրկված, և վերջերս էլ է Ամալյանը մի «մրցույթ» անցկացրել, որն իր ցինիզմով նախորդ «մրցույթներին» չէր զիջում: Շատ ճիշտ է: Դրա համար էլ ասում եմ` «պլյուս 1», ոչ թե «պլյուս 10»:

Նույն հարցազրույցում, երբ Պետրոսը արդարացիորեն նկատեց` դե, 20 տարի նույն բանն է, դրան պարոն Օսկանյանը հակադարձեց. «Ի՞նչ է, հիմա պետք է 100 տարի է՞լ շարունակվի»: Աստված մի արասցե: Բայց դրա համար նրանք, ովքեր այս 20 տարում այդ ամենն արել են, պետք է ընդունեն, որ սխալ են արել», – գրել է Աբրահամյանը: