Երևանի խորհրդանիշներից մեկի` Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի վիճակը հարուցել է մի խումբ արվեստագետների անհանգստությունը:
«Այդ գործը` Սասունցի Դավթի արձանը, երկար կյանք չի ունենա, եթե մնա այս վիճակում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը` պարզաբանելով, որ արձանի պղնձե դետալները գամերով են միակցված իրար, և մի փոքր անցքն անգամ բավական է, որ տարիների ընթացքում ջուր լցվի արձանի մեջ, ինչի հետևանքով կարող է փտել ներքին կոնստրուկցիան և արձանը կարող է պարզապես փլուզվել:
Ֆլորենցիայում բնակվող և Իտալիայում հեղինակություն վայելող քանդակագործ Վիգեն Ավետիսը կիսում է իր արվեստակից ընկերոջ մտահոգությունը: «Սասունցի Դավիթը շատ հնարավոր է կարճ ժամանակում ընկնի», – «Ազատությանն» ասել է նա:
Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, մինչդեռ, համամիտ չէ այս գնահատականներին: Նա վստահեցնում է, որ Երվանդ Քոչարի ստեղծագործությունը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, լրջագույն աշխատանքներ են տարվում 2000 թվականից ի վեր, վերականգնվել են հափշտակված տարրերը:
Այվազյանի խոսքով՝ երկու տարի առաջ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով կատարվել է «արձանի ներքին կոնստրուկցիայի փոփոխում», այսինքն` արձանը բացել ու ուսումնասիրել են: Նրա վստահեցմամբ` արձանն այժմ բարվոք վիճակում է. «Արձանի կոնստրուկցիայի փոփոխումը, վերականգնումը կայունության խնդիրը լուծեց: Բացի դրանից, լուծվեց այդ արձանի ջրահեռացման խնդիրը: Իսկ անցյալ տարի կոնստրուկցիաները նորից ներկվեցին, որոշ մասերը վերանորոգվեցին»:
Գետիկ Բաղդասարյանը, ով ներկա է եղել արձանի բացման այդ գործընթացին, ասել է. «Այդ մասնագետը` Ներսիկը, մտել է… տեղեր կա, որ հնարավոր չէ… առջևի ոտքերի մեջ հնարավոր չէ, որ մարդ մտնի և ինչ-որ գործ անի: Բայց այնտեղ էլ կոնստրուկցիա կա»:
«Կան կարևոր գործեր, որ պետք է անպայման փրկել», – շարունակել է քանդակագործը. «Էլ Քոչար չկա, որ երկրորդը անի»:
Գետիկ Բաղդասարյանն ու Վիգեն Ավետիսը, մի խումբ այլ քանդակագործներ առաջարկում են ստեղծել արձանի բրոնզե տարբերակը: Վիգեն Ավետիսը պատմել է, որ կար այսպիսի գաղափար` իտալացի մասնագետների հետ գալ Երևան, կաղապարներ հանել և արձանը ձուլել Իտալիայում. «Ես առաջարկեցի բրոնզից ձուլել: Իսկ բնօրինակը կդրվեր թանգարանում»:
Նրա խոսքով, սակայն, բրոնզաձույլ արձանի համար պարզապես ֆինանսավորում չի գտնվել:
Կարո Այվազյանը սկզբունքորեն դեմ չէ այդ առաջարկին, բայց կարծում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ժամանակ առ ժամանակ աշխատանքներ տարվում են արձանի վերականգնման ուղղությամբ. «Գտնում եմ, որ մոտակա 10 տարում կանգուն կմնա»:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից