«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն այսօր հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն, սակայն ԱԱԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սալբի Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ցուցմունքից հրաժարվելու պատճառն այն է, որ հարուցված քրեական գործի մեջ Ղազարյանը ներգրավված է որպես վկա, մինչդեռ նույն գործում բերված հանգամանքներից դատելով` նա կասկածյալ է:
Հիշեցնենք, որ համաձայն քրեական օրենսգրքի` ի տարբերություն վկայի, կասկածյալը իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց: «ԱԱԾ հրապարակած հայտարարության մեջ որպես փաստ բերվող ինֆորմացիայով Սալբվի Ղազարյանը հարցաքննվելու էր որպես կասկածյալ»,- ասել է փաստաբանը:
Ըստ մեր զրուցակցի` քրեական այս գործում հանցակազմ չկա. խոսքը միայն գործարքների մասին է:
«Մարդիկ արդեն կարող են վախենալ քաղաքացիական գործարքներ կնքելուց, որովհետև միայն այդ գործարքների պատճառով կարող են իրենց դեմ գործ հարուցել»,- ասել է Գրիգորյանը և հավելել, որ իրենց հետագա քայլը կլինի դիմել դատարան` ԱԱԾ-ի կողմից հարուցած քրեական գործը չեղյալ համարելու պահանջով:
Հիշեցնենք, որ մայսիսի 25-ին ԱԱԾ-ն նախկին արտգործնախարար ԲՀԿ կուսակցության անդամ, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործ է հարուցել: Համաձայն ԱԱԾ-ի` «Սիվիլիթասում» տեղի է ունեցել մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի լվացում: Ավելի վաղ Օսկանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հարուցված գործը որակել էր որպես քաղաքական պատվեր:
Լուսանկարը՝ Սալբի Ղազարյանի Facebook-ի էջից