«Էկոդար» հասարական կազմակերպությունը խիստ մտահոգ է երեկ կառավարության կողմից ընդունված որոշմամբ, որով նախատեսվում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակն ավելացանել 150 մլն խմ-ով և հասցնել մինչև 320 մլն խմ-ի:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, այս խնդրի հետ կապված ՀԿ-ն նամակ է գրել ԱԺ նախագահին, ԱԺ բնապահպանական հարցերով զբաղվող հանձնաժողովին` խնդրելով մերժել Կառավարության նախագիծը:
Նամակում ասվում է, որ, համաձայն Սևանի մասին օրենքի, Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչև 170 մլն խմ, իսկ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: Այս տարի նման իրավիճակի ռիսկերը բացակայում են, քանի որ հիդրոօդերևութաբանական կանխատեսումներով` ամառվա ամիսներին տեղումների քանակը նորմային մոտ է լինում:
«Ինչ վերաբերում է տնտեսական խիստ անհրաժեշտությանը, ապա անհիմն են Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներն այդ մասին, քանի որ նախ հաշվի չի առնված Արարատյան արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան ջրերը և ակնհայտորեն քիչ են ներկայացված գետերից նախատեսվող ջրաքանակները: Բացի դա, մեր հանրապետությունում ջրակորուստները 80%-ից ավելի են, որևէ միտում չունեն նվազելու ու, ի դեպ, մտցված են ոռոգման ջրի սակագնի մեջ և փաստորեն գանձվում են ջրօգտագործող գյուղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նվազեցնելու այդ կորուստները», – Epress.am-ին ասել է Սիլվա Ադամյանը: