Home / Հայաստան / Եվրո-2012. Իտալացիների ճակատագիրը կախված է խորվաթներից և իսպանացիներից

Եվրո-2012. Իտալացիների ճակատագիրը կախված է խորվաթներից և իսպանացիներից

Հունիսի 14-ին Իտալիայի հավաքականը բարդացրեց իր վիճակը C խմբում` չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը Խորվաթիայի հետ խաղում:

Առաջին խաղակեսի մեկնարկային րոպեները հավասար պայքարում անցան, սակայն 30-րդ րոպեից սկսած իտալացիները ուժեղացրեցին ճնշումը և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Դրվագներից մեկում երկու ֆանտաստիկ սեյվ արեց խորվաթների դարպասապահ Ստիպե Պլետիկոսան` մի քնաի վայրկյանի ընթացքում րկու անգամ հետ մղելով գնդակը Կլաուդիո Մարկիզիոյի հարվածների հետո: Սակայն 39-րդ րոպեին նա էլ անկարող եղավ փրկել իր թիմին Անդրեա Պիռլոյի տուգանայինից կատարած հարվածից հետո:

Երկրորդ խաղակեսում խորվաթները կերպարանափոխվեցին, և խաղադաշտում հավասար պայքար ծավալվեց: Արագ, տեմպային խաղում իտալացիները չկաողացան զարգացնել հաջողությունը, իսկ խորվաթները հավասարեցրեցին հաշիվը: Ձախ եզրից փոխանցում ստանալով` Մարիո Մանջուկիչը, օգտվելով Ջիորջիո Կյելինիի դիրքային սխալից, կասեցրեց գնդակը և մոտ տարածությունից ուժեղ հարվածով գրավեց Բուֆոնի դարպասը: Մինչև հանդիպման վերջ հաշիվը չփոխվեց` 1:1:

Քանի որ ավելի ուշ Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով պարտության մատնեց Իռալնդիային, այժմ իսպանացիները և խորվթաներն ավելի լավ դիրքում են հայտնվել: Նրանց հաջորդ փուլ է դուրս բերում 2:2 հաշվով ոչ-ոքին, որի դեպքում իտալացիները երրորդ տեղում են հայտնվում անգամ եթե հաղթեն իռլանդացիներին: Նման պարագայում երեք թիմեր 5-ական միավոր կունենան, և միմյանց միջև կայացած հանդիպումների հաշվարկով իսպանացիներն ու խորվաթները կունենան գնդակների 3:3, մինչդեռ իտալացիները` 2:2 տարբերություն: Քանի որ հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի շատ գնդակ խփած թիմերին, ապա Իսպանիան և Խորվաթիան առաջ կանցնեն մրցակցից: Դա, ևս մեկ անգամ նշենք, կլինի այն դեպքում, եթե Իսպանիան և Խորվաթիան 2:2 կամ ավելի արդյունավետ ոչ-ոքի խաղան:

Իտալացիներին մնում է հուսալ, որ մրցակիցները կպահպանեն ֆեյր-փլեյի կանոնները: