2010 թվականից լեյկոզով տաառապող 22- ամյա Նելլի Ադամյանին ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն 400 հազար ռուսական ռուբլի (135 հազար ԱՄՆ դոլար): Մոսկվայի Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոնում քիմիոթերապիայի երկրորդ կուրսն անցած Նելլին այսօր քիմիոթերապիայի հետևանքների վերացմանն ուղղված բուժման կուրս է անցնում:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Նելլիի քույրը՝ Նունեն, պատմել է, որ վերականգնողական շրջանը տևելու է մեկ ամիս, այնուհետ բժիշկները կորոշեն հետագա անելիքները:
«Քիմեոթերապիայի 1-ին կուրսն անցնելուց հետո մոտ մեկ ամիս տևեց Նելլիի վերականգնողական շրջանը: Չգիտենք՝ որքան կտևի այս շրջանը ու ինչպիսի ընթացք կունենա: Երկրորդ օրն է՝ չեմ կարողացել հեռախոսով խոսել հետը, քանի որ քույրս իրեն շատ վատ է զգացել՝ երեկ ուշագնացություններ են եղել», – պատմել է Նունեն:
Նրա խոսքով՝ Մոսկովյան բարձրակարգ կլինիկայում Նելլին գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ու հոգածության ներքո:
«Չնայած մայրս քրոջս կողքին է, բայց հիմնականում մենակ է, մորս խնամելու կարիքը չի զգացվում, քանի որ Նելլիի խնամքով զբաղվում են բժիշկները: Ամեն ինչ արվում է շատ բարձր մակարդակով», – նշել է Նունեն:
Նա նաև շեշտել է, որ մոսկովյան բժիշկները խոստացել են փրկել Նելլիի կյանքը, պարզապես մնում է հավաքել վիրահատության համար անհրաժեշտ գումարը, ինչն Ադամյանների ընտանիքն ի վիճակի չէ վճարել:
«Հավանաբար վիրահատությունը կարվի Սանկտ-Պետերբուրգում, քանի որ Մոսկվայում վիրահատությունն արվում է միայն հարազատից հարազատին, իսկ եթե դոնորը գտնվում է համաշխարհային բազայով, ապա վիրահատության վայրը փոխվում է», – ասել է Նունեն: